Տասն օր Կանադայում  

Մայիսի 7-ից 16-ը ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի հրավերով այցելեցի Կանադա։ Իմ դասախոսություններն ու հանդիպումները կազմակերպել էին Շահե Թանաշյանը, Հակոբ Արսլանյանը, Հրաչ Գասպարը (Մոնրեալ) և Վահե Ծատուրյանը (Տորոնտո)։ Տասն օրերի ընթացքում եղա Մոնրեալում, Օտտվայում, Տորոնտոյում և Նիագարայում, այցելեցի հայկական մի շարք հաստատություններ։

Մայիսի 10-ին ՀԲԸՄ Մոնրեալի կենտրոնում ելույթ ունեցա Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության թեմայով՝ կենտրոնանալով Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Զգալի է, որ սփյուռքը սկսել է ավելի շատ հետաքրքրվել Հայաստանի ներքին թեմաներով՝ արտագաղթ, կոռուպցիա, ընտրակեղծարարություն, վատ կառավարում։

Վերջին տարիներին Հայաստանից նոր արտագաղթ է սկսվել դեպի Կանադա։ Մոնրեալի Ալեք Մանուկյան վարժարանը, որտեղ ես այցելեցի, ինչպես նաև մյուս երկու՝ Սուրբ Հակոբ և Նարեկ վարժարանները, համալրվել են հայաստանցի աշակերտներով։ Նկատելի էր նաև սիրիահայերի ներկայությունը, ովքեր, ժամանակավորապես Հայաստանում հաստատվելուց հետո, նախընտրում են տեղափոխվել Կանադա ու բարեկեցիկ այլ երկրներ։

Մոնրեալում հայերի թիվը 35 հազարի սահմաններում է, հայկական երեք վարժարաններում սովորում է շուրջ 1200 աշակերտ։ Սա նշանակում է, որ հայերի մեծ մասը հաճախում է ոչ հայկական դպրոցներ։

Մեկ օրով ՀԲԸՄ Մոնրեալի կառույցի պատասխանատուներ Շահե Թանաշյանի և Հակոբ Արսլանյանի հետ մեկնեցի մայրաքաղաք Օտտավա։ Կանադայի խորհրդարանում քննարկում ունեցա խորհրդարանականների և սենատորների հետ։ Ներկա էին ութ խորհրդարանականներ և սենատորներ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից։ Քննարկումը վարում էր Հայաստան-Կանադա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Առնոլդ Չանը։

Նախ ներկայացրեցի Արցախյան հակամարտությունում և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը, որից հետո պատասխանեցի խորհրդարանականների տարաբնույթ հարցերի, որոնք վերաբերում էին նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին ու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը։ Խորհրդարանականները հարցնում էին նաև, թե ինչպես կարող է Կանադան իր նպաստը բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործին, մասնավորապես՝ ինչ կարող է անել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը։

Մայիսի 12-ին ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը կազմակերպել էր Շուշիի ազատագրության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ունեցա ելույթ։ 

Մոնրեալում գտնվելու ընթացքում ես ցանկություն ունեի շփվել հայկական կառույցների բոլոր շրջանակների հետ։ Ժամանակի սղության և այլ պատճառներով չհասցրեցի լինել ամենուր։ Եղա Մոնրեալի հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներում, Նարեկ և Ալեք Մանուկյան վարժարաններում, Թեքեյան կենտրոնում, ՌԱԿ «Ապագա» շաբաթաթերթի խմբագրությունում։ Մոնրեալում լույս է տեսնում ՀՅԴ «Հորիզոն» շաբաթաթերթը, այնտեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական և Անթիլիասական թեմերի առաջնորդանիստ եկեղեցիները։

Մոնրեալում գործում են Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Համազգայինը, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը, ՀՕՄ-ը, Կանադայի հայ առևտրական խորհուրդը, ավանդական երեք կուսակցությունները, ՀԲԸՄ-ն ու Հայ կաթողիկե միությունը, Պոլսահայերի միությունը, Եգիպտահայ ընկերակցությունը և այլ կառույցներ։

Մայիսի 13-ին Մոնրեալից մեկնեցի Տորոնտո, որտեղ հայության թիվը 40 հազարի սահմաններում է։ Հայության թիվը այս քաղաքում, ինչպես Մոնրեալում, անընդհատ ավելանում է սիրիահայերի և հայաստանցիների արտագաղթի պատճառով։ Այստեղ նույնպես գործում են հայկական տարբեր քաղաքական, կրոնական և ազգային այլ հաստատություններ, լույս է տեսնում ՀՅԴ «Տորոնտոհայ» ամսաթերթը։

Մայիսի 14-ին Տորոնտոյի Հայ ակումբը ՀԲԸՄ կենտրոնում կազմակերպել էր իմ դասախոսությունը։ Հանդիպման մասնակիցներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Նրանք մանրամասնորեն տիրապետում են և օրը օրին հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Վերապահումներով և պայմանականորեն կանադահայությանը կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Առաջին խումբը ավանդական սփյուռքն է, որին ավելի շատ հետաքրքրում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայ դատը և հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի ներքին վիճակը։ Երկրորդը այն հայերի խումբն է, որին մտահոգում է նախ և առաջ Հայաստանում տիրող իրավիճակը՝ արտագաղթը, կոռուպցիան, ընտրակեղծարարությունը, անարդարությունները, քաղաքական բանտարկյալները։ Այս խմբի մեջ միավորվել են ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ հայաստանցիներ։ Երրորդ խումբը «լուռ մեծամասնությունն է»՝ silent majority-ին, որի ձայնը քիչ է լսվում։

Կանադա այցելության վերջին օրը Տորոնտոյի Հայ ակումբի պատասխանատու Վահե Ծատուրյանի հետ եղանք Նիագարայում՝ մի քիչ հանգստանալու և Նիագարայի երկու ջրվեժներով հիանալու նպատակով։