Ռուսներն իրենց շահերի հարցով ինձ երբեք չեն դիմել, բայց Քոլին Փաուելը դիմել է․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ եթե Ղարաբաղի հարցում հայերն ու ադրբեջանցիները համաձայնության գան, ԱՄՆ-ը և Եվրոպան կաջակցեն, իսկ Ռուսաստանը չի խանգարի։

Մայիսի 23-ին Երևանում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ պանելային քննարկման ընթացքում Վարդան Օսկանյանը, խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի դերի ընկալումների մասին, ասել է, որ իր ռուս պաշտոնակիցները Ռուսաստանի շահերի հարցով երբեք իրեն չեն դիմել, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը դիմել է․

«Ես տասը տարի եղել եմ արտաքին գործերի նախարար, աշխատել եմ Ռուսաստանի երեք արտգործնախարարների՝ Պրիմակովի, Իվանովի և Լավրովի հետ։ Նրանք երբևէ ինձ չեն դիմել Ռուսաստանի խնդիրներին առնչվող որևէ հարցով, ոչ անգամ ՄԱԿ-ում Ռուսաստանին վերաբերող քվեարկությունների դեպքում։ Բայց Քոլին Փաուելից զանգ ստացել եմ Կուբայի հարցով քվեարկության համար»։

Խոսելով Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարի և Ռուսաստանի շահերի մասին՝ Վարդան Օսկանյանն ասել է․ «Ղարաբաղի խնդրի լուծումը ավելի շատ գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, քան Մոսկվայում, Վաշինգտոնում կամ այլուր։ Իհարկե, Ռուսաստանն ունի իր շահերը, սակայն եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորման շուրջ համաձայնության գան, ԱՄՆ-ը և Եվրոպան կաջակցեն դրան, իսկ Ռուսաստանը չի խոչընդոտի։ Նրանք ամերիկացիների չափ չեն աջակցի, բայց և չեն խանգարի»։

Օսկանյանի կարծիքով՝ օտարների մոտ թյուրըմբռնում կա Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի մասին․

«Երբ խոսում եմ օտարների հետ, զգացում ունեմ, որ թյուրընկալում և անհասկացողություն կա Կովկասում և մասնավորապես Հայաստանում Ռուսաստանի ազդեցության խորության և աստիճանի մասին։ Իհարկե, Ռուսաստանն ազդեցություն ունի, սակայն ես կարծում եմ, որ այդ ազդեցությունը գերագնահատված է։ Շատ բան կախված է Հայաստանի արձագանքից և Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա ինքնացենզուրայի չափից»։

«Ռուսաստանը չի ընդունի, որ Հայաստանն ընդդիմանա իր կամքին։ Ռուսաստանը պարզապես ակնկալում է, որ Հայաստանը, ինչպես Կովկասի որևէ այլ երկիր, տարածաշրջանում ավելի շրջահայաց լինի իր շահերի հարցում։ Եթե դու դա կարող ես անել քո ազգային շահերի սահմաններում, քո քաղաքականությունն ավելի արդյունավետ կլինի,- ասել է նախկին արտգործնախարարը՝ նշելով, որ շատ բան կախված է երկրի ղեկավարությունից։- Որքանով է քո դիվանագիտությունը արդյունավետ Ռուսաստանի հետ, որքանով են քո անձնական հարաբերությունները լավ Ռուսաստանի ղեկավարների հետ, համոզելու որքան ներուժ ունես քո մանևրունակության սահմանը մեծացնելու համար»։

Օսկանյանի կարծիքով՝ որքան Հայաստանի հարաբերությունները սերտ լինեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, այնքան նրա մանևրունակության շրջանակը կմեծանա, ինչը կօգնի վարելու ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն։

Մեկնաբանել