Արաբական վեց երկրներ և Մալդիվները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը։ Al-Arabiya-ն հաղորդում է, որ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։

Կատարի հետ կապերը խզելու այս որոշումը մայիսին ծագած տեղեկատվական սկանդալի շարունակությունն է։ Մայիսի 23-ին կատարական QNA գործակալությունը հրապարակել էր երկրի էմիր Թամիմ ալ-Թանիի խոսքերը՝ Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Բացի այդ, էմիրին վերագրվող հայտարարության մեջ նաև ասվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանությունը երկար չի տևի։ Ավելի ուշ Կատարը պարզաբանել է, որ գործակալության կայքը հաքերային հարձակման էր ենթարկվել, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը հերքումը ոչ համոզիչ են համարել։ Նրանք Կատարին մեղադրում են Իսլամական պետության (ԻՊ) և Ալ-Կաիդային աջակցելու մեջ։

Ինչպես հաղորդում է Սաուդյան պետական լրատվական SPA գործակալությունը, Ռիյադը փակել է իր սահմանները՝ խզելով ցամաքային, ծովային և օդային կապը Կատարի փոքրիկ թերակղզու հետ։ Կատարն այդ որոշումը անվանել է «չարդարացված» և «բացարձակապես չհիմնավորված»:

Այս աննախադեպ քայլը դիտվում է որպես նշանակալի պառակտում Ծոցի հզոր երկրների միջև, որոնք նաև ԱՄՆ սերտ դաշնակիցներ են: Կատարին մեղադրում են նաև «Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ»։

Ի՞նչ է տեղի ունեցել

Դիվանագիտական կապերի խզման սկիզբը դրել են Բահրեյնն ու Սաուդիան Արաբիան։ Դաշնակիցները հետևել են այս երկրների օրինակին։

Վերջին զարգացումները՝ համառոտ

  • Արաբական Միացյալ Էմիրությունները կատարցի դիվանագետներին 48 ժամ է տվել՝ լքելու երկիրը: Աբու Դաբին Կատարին մեղադրում է «ահաբեկչությանը, ծայրահեղականությանն ու աղանդավորական կազմակերպություններին աջակցելու և ֆինանսավորման մեջ»:
  • ԱՄԷ ավիաուղիներ Etihad Airways-ը, Emirates-ն ու FlyDubai-ը հայտարարել են, որ տեղական ժամանակով երեքշաբթի առավոտից սկսած՝ դադարեցնում են դեպի Կատարի մայրաքաղաք Դոհա և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները։
  • Ծոցի երկրները փակել են իրենց օդային տարածքը Qatar Airways-ի համար։
  • Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ խզում է իր կապերը, քանի որ Կատարը «ցնցում է Բահրեյնի կայունությունն ու անվտանգությունը և միջամտում նրա գործերին»։
  • Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոալիցիան, որը պայքարում է Եմենի հութի ապստամբների հետ, արտաքսել է Կատարին իրենց դաշինքից՝ «ահաբեկչության աջակցման գործողությունների» և «Ալ-Կաիդային և Իսլամական պետությանն աջակցության» համար, հաղորդում է SPA-ն։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով արաբական երկրների որոշումը, կոչ է արել կողմերին միասին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները։ ԱՄՆ թիվ մեկ դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միասնության պահպանմանը։

Մեկնաբանել