ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առաջ այդ պահին այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ․ այս մասին հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։

Վերջինս տեղեկացնում է, որ ուղիղ հեռարձակելու է քննարկումը և հետևելու է ընթացքին։

Մայիսի 16-ին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով են դիմավորել։ Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ համայնքները: Բողոքի ցույցին ընդդեմ Սպիտակ տան առջև իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Էրդողանին: Երկու կողմերի միջև բախում է տեղի ունեցել։ Հրապարակված մի շարք տեսանյութերում երևում է, որ Էրդողանի թիկնապահները հարձակվում են Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։

«Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ տեղի ունեցած միջադեպի մասին, որում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։

Մեկնաբանել