Մանկատներից՝ խնամատու ընտանիքներ․ ինչ լուծումներ կան Հայաստանում

Հայաստանում խնամքի հաստատություններում, ներառյալ՝ հատուկ դպրոցներում և մանկատներում, գրանցված է շուրջ 3 500 երեխա, որից 541-ն ապրում է 6 գիշերային խնամքի կենտրոններում, 2 047 երեխա՝ 21 հատուկ դպրոցներում։ Խնամքի հաստատություններում ապրող երեխաների 90%-ն ունի առնվազն մեկ կենսաբանական ծնող։ Վայոց ձորում և Արարատի մարզում խնամքի հաստատություններ ընդհանրապես չկան։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում առնվազն 2,7 մլն երեխա ապրում է խնամքի հաստատություններում։ Նշվում է, սակայն, որ իրականում թվերը կարող են շատ ավելի մեծ լինել՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և ԱՊՀ երկրներում 100 000 բնակչին բաժին է ընկնում 666 մանկատատան երեխա, ինչը ավելի քան 5 անգամ բարձր է համաշխարհային միջինից`120 երեխա՝ 100 000 բնակչի հաշվով։ Հայաստանում 100 000 բնակչին բաժին է ընկնում մանկատան 27 երեխա։

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝Մանկատներում՝ 2,7 միլիոն երեխա

Ուսումնասիրությունում շեշտվում է՝ շատ երկրներ դեռ չունեն այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների թվի մասին փաստացի թվեր հավաքագրող համակարգ։ Շատ երկրներում մասնավոր կենտրոններում գտնվող երեխաները չեն հաշվառվում պաշտոնական տվյալներում։

Transmonee-ի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Վրաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում 50%-ով նվազել է խնամքի հաստատություններում երեխաների ինստիտուցիոնալացման ցուցանիշը։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի խնամքի հաստատություններում գերակշռում են հաշմանդամություն ունեցող և աղքատ ընտանիքների երեխաները ։

Խնամատար երեխաները Հայաստանում

Հայաստանում 2016թ․ դրությամբ մանկատանն ապրող 5 երեխայից 3-ն ունի հաշմանդամություն, 77 երեխա անկողնային է։

Երեխայի իրավունքների մասին օրենքը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ: 2016թ. Հայաստանում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական։

2016թ․ ընթացքում 64 երեխա մանկատնից վերադարձել է հարազատների մոտ, 50 երեխա որդեգրվել է, 18-ը՝ մահացել, նույն տարում մանկատներ է ընդունվել 162 երեխա, 64-ը՝ մինչև 1 տարեկան։ 2016թ․ տարեվերջին մանկատներում եղել է 810 երեխա։

2008 թ․ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել երեխային խնամատու ընտանիք հանձնելու կարգի, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի եվ դաստիարակության համար խնամատու ծնողների վարձատրության վճարման կարգի ու չափի մասին, որի համաձայն՝ խնամատու ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա Հայաստանի պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:

Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատու ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

2016-ի տվյալներով՝ Հայաստանի 21 խնամատու ընտանիքներում ապրում է 25 խնամատար երեխա։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել