Եթե ես հեռանամ Վրաստանից, դա կլինի ի օգուտ Վրաստանի իշխանությունների․ Մուխթարլիի կինը՝ ՍիվիլՆեթին

Վրաստանյան իրավապահ մարմինների կողմից Աֆղան Մուխթարլիի գործով տարվող քննության նպատակը գործը քննելը չէ․ ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան։

«Ոստիկանությունը Աֆղանի վրաստանյան փաստաբանին գործի նյութերի հետ ծանոթացրեց առևանգման երրորդ շաբաթում։ Նրանք հարցաքննել են մոտ 200 մարդու, որոնք, նրանց պնդմամբ, ոչինչ չեն տեսել։ Տեսախցիկներից ստացված տեսագրություններն էլ առևանգման ոչ մի կադր չեն պարունակում»,- ասաց Մուստաֆաևան։

Վերջինս վրաստանյան կողմի գործողությունները համարում է «ոչ բավարար և ոչ թափանցիկ»։

Հարցին, թե արդյոք պաշտպանվա՞ծ է զգում Վրաստանում, կինը պատասխանեց, որ հրաժարվել է քաղաքացիությունից և Վրաստանի կառավարության առաջարկած անվտանգության միջոցներից։

«Վրաստանի ոստիկանությունն ու դատախազը ինձ և Աֆղանին չեն ճանաչել որպես տուժող կողմ։ Հենց այդ պատճառով ես հրաժարվեցի անվտանգության միջոցներից։ Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչու և ումից են ինձ պաշտպանում։ Երբ հրաժարվեցի պաշտպանությունից, նշեցի, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատվություն է կրելու այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ ինձ և իմ դստեր հետ Վրաստանում»։

Վրաստանից այլ երկիր տեղափոխվելու մտադրության մասին հարցին ի պատասխան Լեյլա Մուստաֆաևան ասաց, որ պետք է մնա Վրաստանում։

«Դա կլինի ի օգուտ Վրաստանի կառավարության, եթե ես հենց հիմա հեռանամ այստեղից»,- եզրափակեց լրագրողի կինը։

Լեյլա Մուստաֆաևան իր խոսքում վկայակոչեց նաև Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը Վրաստանին կոչ է անում անցկացնել արագ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն։

***

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, ադրբեջանական իշխանությունների քննադատ Աֆղան Մուխթարլին, որը 2015-ից ի վեր հարկադրված ապրում էր Թբիլիսիում, անհետացել էր մայիսի 29-ի երեկոյան։ Հաջորդ օրը լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին տեղեկացրել է, որ Մուխթարլին ձերբակալվել է և փոխանցվել Բաքու։ Քերիմլին պատմել է, որ Թբիլիսիում լրագրողին բռնի կերպով նստեցրել են ավտոմեքենա, կապել աչքերը, ծեծել։ Մի քանի մեքենա փոխելուց հետո նա հայտնվել է վրաց-ադրբեջանական սահմանին։ Մուխթարլիի գրպանը գցել են 10 հազ․ եվրո, որը հայտնաբերելուց հետո առաջադրել մեղադրանք «մաքսանենգության» և «սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։ Ավելի ուշ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ սահմանապահին դիմադրություն ցույց տալու հոդվածով: Լրագրողի փաստաբանը տեղի ունեցածում մեղադրում է վրաստանյան իշխանություններին, որոնք, նրա պնդմամբ, խախտել են միջազգային իրավունքը։ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Աֆղան Մուխթարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել եռամյսա կալանքը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել