Վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական  վարչության պետ Կամավոր Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել Արցախից Երևան տեղափոխված վիրավոր զինվորներների առողջական վիճակի մասին, հաղորդում է Արցախպրեսը։

ՊՆ ռազմաբժշկական  վարչության պետ Կամավոր Խաչատրյանը«Զինվորներից մեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է: Նա ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ունի նաև գլխուղեղի վնասվածք: Ամեն դեպքում, գիտակցությունը տեղն է, իր հետ խոսել եմ, հիշում է կատարվածը: Մյուս զինվորը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է, նա ստացել է աչքի վնասվածք, կան այրվածքներ: Համապատասխան հետազոտություններից և բուժումից հետո պարզ կլինի, թե որքանով է տեսողությունը վնասվել: Ամեն դեպքում, երկուսի առողջական վիճակը կայուն է, այս պահին կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Կամավոր Խաչատրյանը:

Ավելի վաղ News.am-ը հաղորդել էր, որ վիրավորված Մյասնիկ Հովհաննիսյանին վիրահատում են, վնասվել են նրա աչքերը:

Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։