Գերմանիան Ինջիրլիքի իր զորակազմը հուլիսին կտեղափոխի Հորդանան

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն Լեյենը գերմանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված իր զինծառայողներին կսկսի դուրս բերել հուլիսից։ Նրանք կտեղակայվեն Հորդանանում։

Ինջիրլիքում Գերմանիան ունի 250-հոգանոց զորակազմ, որը մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի գործողություններին։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Վոն Լեյենն ասել է, որ դուրսբերումը հնարավոր է՝ տևի երեք ամիս։

«Մինչև հունիսի վերջ ԻՊ-ի դեմ կոալիցիայի շրջանակում մեր թռիչքները ծրագրված են։ Դրանից հետո մենք որքան հնարավոր է արագ կտեղափոխենք մեր տանկերային ինքնաթիռները Հորդանան»,- տեղեկացրել է Վոն Լեյենը։

Գերմանիայի ՊՆ ղեկավարը նաև զգուշացրել է, որ տեղափոխմամբ պայմանավորված՝ Բունդեսվերի առաքելությունը Մերձավոր Արևելքում ժամանակավորապես կդադարեցվի։

Գերմանիայի վերոհիշյալ որոշումը պայմանավորված է Թուրքիայի հետ ունեցած լարվածությամբ։

Ավելին՝ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիային։

Մեկնաբանել