Վարչապետն այցելում է ընկերություն, որը հարկեր է թաքցնում, հաշվարկել է ՀԺ տնտեսական մեկնաբանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 20-ին այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ, և «Ալեքս տեքստիլը» նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7,500 նոր աշխատատեղ:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը փոխկապված է ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կառավարության հաղորդագրության թվերը համեմատել է Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկի հետ և եզրակացրել, որ «Ալեքս տեքստիլը» թաքցնում է հարկերը։

«Առաջին հազար հարկատուների ցանկում «Ալեքս տեքստիլը» զբաղեցնում է 336-րդ հորիզոնականը։ Ցանկից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին «Ալեքս տեքստիլը» վճարել է 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ։ Հաշվի առնելով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը, պետք է արձանագրենք, որ եթե «Ալեքս տեքստիլում» աշխատում է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 28 հազար դրամը։

Եթե աշխատում է 500 մարդ, ապա աշխատավարձը 20 հազար դրամ է։ Եթե մի պահ պատկերացնենք, որ «Ալեքս տեքստիլում» աշխատողների միջին աշխատավարձը ասենք՝ 100 հազար է․ և նրանք բոլորը միասին վճարել են 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ, ապա կստացվի, որ այնտեղ աշխատողների թիվը 100-ից էլ պակաս է։ Իսկ եթե աշխատողների թիվը իրոք 300 է, ու նրանց ստացած իրական աշխատավարձը գոնե 100 հազար դրամ է, ապա այդ դեպքում եկամտային հարկի ընդհանուր ծավալը պետք է կազմեր ոչ թե 7.3 միլիոն, այլ ավելի քան 20 միլիոն դրամ։ Իսկ եթե 500 հոգի է աշխատում 100 հազար դրամ աշխատավարձով, ապա վճարած եկամտային հարկի ծավալը պետք է կազմեր ավելի քան 35 միլիոն դրամ։ Այսինքն՝ «Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչև 18 միլիոն դրամ»։

Մեկնաբանել