Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ կայքը։

Հանդիպումը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը շարունակվել են Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Հուլիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ հարցը քննարկել էր նաև իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Մեկնաբանել