Մերսեդե՞ս, թե՞ էշ. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Ղարաբաղի իշխանությունները ճոխ մեքենաներ են գնել հյուրերին դիմավորելու և երկրով ման տալու համար: 350 հազար դոլար են ծախսել էդ գործի համար: Իսագուլյան Գառնիկն անկեղծորեն զարմանում է՝ բա Մերսեդեսով պիտի դիմավորեն հյուրերին, ոչ թե էշով:

Այսինքն, Մերսեդեսի հակափաստարկը էշն է: Կամ՝ 06-ը:

Հետաքրքիր է՝ ինչու՞ զենքերը կարող են լինել 80-ականների, իսկ մեքենաները՝ 21-րդ դարի: Խնդիր չկա, էլի ձեռք բերեք այդ մեքենաները: Բայց դատարկվող և կոնֆլիկտի լուծում չցանկացող Ղարաբաղի ինչի՞ն է պետք այդ բուտաֆորիան: Դուք ժողովրդի անունի՞ց եք գնում այդ մեքենաները: Էդ ժողովուրդը դեռ բարեկեցություն չի տեսել: Էդ ժողովուրդը դեռ չի կողմնորոշվում, թե արցախյան կոնֆլիկտն ում է պետք՝ Ղարաբաղի իշխանությունների՞ն, թե՞ միջազգային ուժերին: Ղարաբաղցին ոչ մի հարցի պատասխան չունի:

Հակամարտություն ունեցող երկիրը ծախսերի մեջ պետք է զուսպ լինի: Ամեն օր զինվորի ինքնասպանություն կամ մահ արձանագրող երկիրը պետք է ծախսեր կատարելու մատուցման եղանակ ունենա

Էդ մեքենաները օտարին ընդդարմացնող հայկական կոնյա՞կ են, որով Հայաստանի իշխանությունները ժամանակին թմրեցրին ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովին ու ստորագրել տվեցին Արփա-Սևան թունելի շինարարության իրավունքը:

Շքեղ մեքենաների դեմ ոչինչ չունենք: Բայց դրանք ի՞նչ են՝ կոնֆլիկտը հյուրընկալությամբ զգեստավորելու թմրադեղե՞ր: Էլի գնելու եք: Պարզ է, որ ոչ մեկի կարծիքն էլ չեք հարցնելու: Բայց էդպիսի որոշման մեջ որտե՞ղ է պետությունը: Թե՞ ձեր ամեն որոշում պետության վկայություն է: Թե՞ հենց էդ որոշումը դրեցիք քննարկման, կպարզվի, որ չուզողը Արցախի հյուրերին էշ է առաջարկում: Ղարաբաղում ինչ-որ մեկը պետք է կողմնորոշվի, թե ինչ են կառուցում՝ պետությու՞ն, թե՞ «էշ կամ մեքենա» դիլեմայի պատասխան: Հյուրընկալության սեղանի առաջ ղարաբաղցի պաշտոնյան հայաստանցի լրագրողներին ասում է՝ մեր մասին ճիշտը գրեք: Այսինքն, ի՞նչ գրենք, որ ձեր հետ թթի օղի՞ ենք խմում: Մերսեդեսն այդ թթի օղի՞ն է: Այսինքն, ճշտի դիտանկյու՞նը:

Անկասկած, Մերսեդեսն արժանապատվություն է: Հյուրերին, իսկապես, Երազով կամ էշով ման չես տա: 06-ի ղեկն էլ բանի պետք չէ: Բայց Մերսեդեսը փոխադրամիջոց է և պատուհան: Ինքը հյուրերին չի պատմի Ղարաբաղի հնարավորությունների մասին:

Իսագուլյան Գառնիկն իհարկե կոռուպցիա չի տեսնի այդտեղ, որովհետև հենց տեսավ, մի կտոր հացն էլ նրան շատ կհամարվի

Հակամարտություն ունեցող երկիրը ծախսերի մեջ պետք է զուսպ լինի: Ամեն օր զինվորի ինքնասպանություն կամ մահ արձանագրող երկիրը պետք է ծախսեր կատարելու մատուցման եղանակ ունենա: Այլապես զինվորի մահին հաջորդող ցավակցությունից հետո աղքատ մայրը տեղեկանում է, որ Արցախի իշխանություններին հակամարտության լուծման համար Մերսեդեսն է պակասում:

Ձեզ դրեք էդ մոր տեղը: Այն իմաստով, որ զինվոր որդու ինքնասպանությունից հետո իր կյանքը հաստատ չի լավանալու, էդ գրողի տարած հազար դրամներն իր ողբերգության վրա չեն տարածվում:

Ասում եմ ձեզ՝ գնեք այդ մեքենաները, բայց մի ստեղծեք տպավորություն, թե դա համազգային ցանկություն է, և Ղարաբաղում ոչ ոք դեմ չէ, որ դրանք գնվեն: Իսագուլյան Գառնիկն իհարկե կոռուպցիա չի տեսնի այդտեղ, որովհետև հենց տեսավ, մի կտոր հացն էլ նրան շատ կհամարվի: Ես էլ չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, թե կոռուպցիա չկա: Թե՞ Մերսեդեսը հյուրերի պահանջն է: Չի կարելի այդպես: 350 հազարը կատակ գումար չէ: Ղարաբաղում բազմաթիվ հրամանատարներ կան, որոնք շքեղագույն մեքենաներ ունեն: Ու չկա էդ հարցի պատասխանը, թե ինչ գումարներով: Եվ էդ մեքենաներով նրանք խաղաղության հարցեր չեն լուծում: Այլ միայն սեփական բարեկեցության հարցերը:

Ամեն օր սահմանին ինքնասպանություններ և հակառակորդի կրակոցից զոհեր ունեցող երկիրը պետք է գտնի էն բալանսը, որը թույլ կտա հյուրերին դիմավորել արժանապատվորեն և միաժամանակ դրանով չծաղրել իր աղքատին, իր խոսքի իրավունք չունեցողին, իր զինվորին և պետության վաղվա տեսիլք ունեցողին:

Հակամարտություն ունեցող երկրում Մերսեդեսը տողատակ է՝ այն ասում է, որ նույնը չեն զինվորի, նրա մոր և հյուրի ապրելու արժանապատվությունները: Հյուրը շնորհակալ է լինելու իշխանությանը, իսկ մեռնողի համար կա մի քանի հազար դրամանոց հետմահու մեդալը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել