Ինչ ուղերձ հղեց Ռոհանին աշխարհին և հարևաններին

Մերձավոր Արևելքի խնդիրներով մասնագիտացած Al Monitor կայքում հրապարակվել է Ալի Հաշեմի հոդվածը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախագահության երկրորդ ժամկետի մասին։ «Ռոհանին օգտագործում է երդմնակալությունը՝ չափավորության ուղերձ հղելու համար» վերնագրված հոդվածում Ալի Հաշեմը բացատրում է, թե ինչ ուղերձներ էր հղում Իրանի նախագահը կիրակի կայացած իր երդմնակալության օրը։ Ալի Հաշեմը արաբական Al Mayadeen լրատվական ցանցի Թեհրանի բյուրոյի նախկին ղեկավարն է, եղել է Al Jazeera-ի և BBC-Ի թղթակից։

2013թ., երբ Հասան Ռոհանին առաջին անգամ նախագահ դարձավ, նա ուսուցիչ ուներ՝ ի դեմս երկու ժամկետ նախագահած Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի: Այդ ժամանակ Ռոհանիի մրցակիցներն ակնարկում էին, որ իրական նախագահը կլինի Ռաֆսանջանին՝ չնայած դիվանագիտության և անվտանգության հարցերում, խորհրդարանում և բարձրաստիճան հոգևորականի դիրքում Ռոհանիի ունեցած անզուգական փորձին:

Այժմ, երբ Ռաֆսանջանին մահացել է, Ռոհանին սկսում է նախագահության երկրորդ ժամկետը և կարծես պատրաստ է նոր գլուխ սկսել, որը կարող է տարբերվել նախորդից՝ հաշվի առնելով իր առաջին ժամկետում ունեցած նվաճումները, ձախողումները և փոփոխությունները, այդ թվում՝ աշխարհի տերությունների հետ Միջուկային գործարքը և Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում նախագահ ընտրվելը, որն իր մտահոգությունն է հայտնել գործարքի վերաբերյալ:

Ռոհանիի երդմնակալության արարողությանը Իրանի խորհրդարանի մեծ պալատում ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի տարբեր ծայրերից։ Համասի, Հեզբոլլահի և իսլամական ջիհադի ներկայացուցիչների հետ նստած էին Եվրամիության, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների պատվիրակությունները։ Ծոցի երկրներից Կատարի, Քուվեյթի և Օմանի ներկայացուցիչների ներկայությունը հստակ ցույց տվեց, որ Իրանը, չնայած մրցակից պետությունների բոլոր փորձերին, ո՛չ մեկուսացած է, ո՛չ էլ վատ հարաբերությունների մեջ աշխարհի մեծ մասի հետ: Իրանի կողմից դիվանագիտական ուժի ցուցադրությանը ներկա էին շուրջ 10 պետությունների ղեկավարներ [նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը – խմբ․] և նույնքան արտգործնախարարներ, ինչպես նաև ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Օգոստոսի 5-ին Մոգերինին հանդիպել էր Ռոհանիի, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի և Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Ռոհանիի՝ խորհրդարանում ունեցած ելույթը փաստացիորեն երկու օր առաջ Գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրում ունեցած ելույթի երկրորդ մասն էր, որտեղ տեղի էր ունեցել նախագահի պաշտոնում նրա հաստատումը: Հաշվի առնելով ելույթի բովանդակությունը և օգտագործված բառերը՝ ճիշտ կլինի ասել, որ նրա ելույթը զգուշորեն մշակված, շատ չափավոր էր, և ո՛չ վախեցնում էր հակառակորդներին, ո՛չ էլ բարձր ակնկալիքներ տալիս դաշնակիցներին։ Ռոհանին զգուշորեն խուսանավեց ականների միջև, խաղաղության ձեռք մեկնեց և բարձրացրեց այլ հարցեր, ներառյալ միջուկային գործարքի որևէ խախտման դեմ խիստ արձագանքը:

«Իրանի ժողովրդի և իշխանությունների անունից ես հստակ հայտարարում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի սկսի խախտել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը [JCPOA], բայց չի լռելու, եթե ԱՄՆ-ը շարունակի խուսափել իր պարտավորություններից»,- ասաց Ռոհանին՝ ով ակնարկում էր Թրամփին` առանց նրա անունը տալու։ «Մենք գործ չունենք նորելուկ քաղաքական գործիչների հետ, բայց հայտնում ենք ավելի փորձառու գործիչներին, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործընթացը կարող է օգտագործվել որպես հարաբերությունների և միջազգային իրավունքի մոդել»:

Ռոհանին բացատրեց, որ իր կառավարությունը ներքին և արտաքին հարցերում խաղաղության է ձգտում և նախընտրում է խաղաղությունը պատերազմից, իսկ բարեփոխումները՝ ստատուս քվոյից: «Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում մեր հարևան երկրներին»,- ասաց Ռոհանին:

Թեև երդմնակալության արարողությանը ներկա էին Ծոցի համագործակցության խորհրդի (Gulf Cooperation Council) արաբական վեց երկրներից երեքը` Քուվեյթը, Օմանը և Կատարը, մնացած երեք անդամ պետությունները, հիմնականում՝ Սաուդյան Արաբիան, անուղղակիորեն էին ներկա Ռոհանիի ելույթում: Երբ Ռոհանին նշեց, որ «օտար ուժերը ուժեղացնում են տարածաշրջանում անկայունությունը և քաոսը, միլիարդավոր դոլարների զենք վաճառելով», նա ակնարկում էր, որ տարածաշրջանի պետությունների միջև գոյություն չունեն իրական խնդիրներ, և ամեն ինչ կատարվում է օտար երկրների պատճառով: Հատկանշական է, որ ելույթում Ռոհանին պահպանեց տարածաշրջանային խնդիրների լուծման չափավոր հռետորաբանությունը. անգամ խոսելով Սիրիայի և Եմենի մասին՝ նա հստակ նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է շարունակվի, սակայն ահաբեկչության դեմ պայքարի լավագույն գործիքը ժողովրդավարական կառավարումն է, ուղերձ, որը կարող է մի քանի իմաստ ունենալ։

Ռոհանիի երկրորդ ժամկետը նրան հնարավորություն է տալիս պաշտոնապես ստանալու իր ուսուցիչ Ռաֆսանջանիի թողած քաղաքական ժառանգությունը և հանդես գալու որպես ավելի մեծ խաղացող, որի ձայնը լսելի է։ Դրան հասնելու համար նա ստիպված կլինի տիրապետել հավասարակշռության խաղին և ձեռք բերել մյուս ղեկավարների ավելի մեծ վստահությունը՝ առանց հրաժարվելու իր կարմիր գծերից: Բացի դրանից, նա պետք է վերակենդանացնի դիվանագիտական հմտությունները, որոնք նրան դարձրին երկրի լավագույն բանակցողը, և մի կողմ թողնի հարցերը, որոնք կարող են անհարկի առճակատումների տեղիք տալ և արգելափակել իր վերջնական նպատակները:

Թվում է՝ այս պահին Ռոհանին ճիշտ ուղու վրա է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել