ՀԱՊԿ-ում խորանում են հակասությունները Ռուսաստանի և Ղազախստանի միջև  

Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության կայքում հոդված է հրապարակվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկու անդամների՝ Ռուսաստանի և Ղազախստանի խորացող հակասությունների մասին։ Հոդվածի հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հետազոտող Սամուել Ռամանին վերլուծում է, թե ինչ գործոններ են ընկած Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններում։

Հունիսի 22-ին ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հայտարարեց, որ ռուսական ռազմական պաշտոնյաները Ղազախստանի և Ղրղզստանի իրենց գործընկերների հետ բանակցություններ են վարում՝ Սիրիայում ղազախական և ղրղզական խաղաղապահների հնարավոր տեղակայման շուրջ:

Չնայած ռուս և թուրք պաշտոնյաները լավատեսորեն էին տրամադրված, որ Ղազախստանը կհամաձայնի զորքերը տեղակայել Սիրիայում, Ղազախստանի արտգործնախարար Կադիրատ Աբդրախամովը արագ հերքեց Շամանովի հայտարարությունը` հունիսի 23-ին լրագրողներին հայտնելով. «Ղազախստանը բանակցություններ չի վարում իր զինվորական անձնակազմը Սիրիա ուղարկելու վերաբերյալ»:

Ղազախստանի կողմից Սիրիայում խաղաղապահ ուժեր տեղակայելուց ակնհայտորեն հրաժարվելը զգալիորեն տարբերվում է Ղրղզստանի պատրաստակամությունից և բացահայտում է Աստանայի ու Մոսկվայի միջև աճող տարաձայնությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մանդատի շուրջ։

Մինչ Ռուսաստանը ՀԱՊԿ-ին դրդում է ռազմական ներգրավվածության՝ ամրապնդելու իր միջազգային հեղինակությունը որպես խաղաղապահ ուժ, Ղազախստանը պնդում է, որ ՀԱՊԿ-ը պետք է ձեռնպահ մնա Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում ռազմական ներգրավվածությունից: Աստանայի՝ ՀԱՊԿ-ի ներգրավվածության հարցում ձեռնպահ լինելը կարելի է բացատրել հակամարտությունների գոտիներում ղազախական զորքերի տեղակայմանը լայնածավալ ներքին ընդդիմությամբ և Ղազախստանի՝ Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձգտումով:

Ապակայունացման վախ

Ղազախստանի հրաժարումը աջակցելու Ռուսաստանի՝ Սիրիայում ՀԱՊԿ-ի ռազմական միջամտության առաջարկին կարելի է բացատրել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մտահոգություններով, որ ղազախական զորքերի՝ հակամարտության գոտիներում տեղակայումը կհանգեցնի Ղազախստանում քաղաքական անկայունության:

Սիրիայում զորքերի տեղակայմանը Ղազախստանում քաղաքական ընդդիմությունը, հավանաբար, կունենա երեք հիմնական աղբյուր՝ Ղազախստանի խորհրդարան (Մեջլիս), Ղազախստանի վետերանների խմբեր և սուննի կրոնական առաջնորդներ:

Թեև Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցությունը մեծամասնություն է Ղազախստանի խորհրդարանում և կարող է հեշտությամբ ճնշել տարակարծությունները, անցյալ տարվա հակաչինական բողոքները հողային բարեփոխումների օրենսդրության վերաբերյալ ցույց տվեցին, որ հասարակական կարծիքը անտեսելը բացասական քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։

Հետևաբար, ռազմական տեղակայման վերաբերյալ հասարակական կարծիքը հաշվի առնելը կարող է կանխել Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունները և ամրապնդել Նազարբաևի դիրքերը՝ Աստանայի 2017 թ . հունվարյան սահմանադրական բարեփոխումներին հաղորդելով խորհրդանշական վստահելիություն, ինչը տեսականորեն կրճատել էր Նազարբաևի նախագահի լիազորությունների շրջանակը:

Աֆղանական պատերազմի վետերաններ

Ռուսաստանի կողմից Սիրիայում ՀԱՊԿ զորքերի առաքելության տեղակայմանը Աստանայի դիրքորոշումը կարելի է բացատրել նաև ղազախ վետերանների խմբերի անհամաձայնության շուրջ Նազարբաևի մտահոգություններով:

Այս մտահոգությունները տեղին են, քանի որ Աֆղանստանում խորհրդային պատերազմի ղազախ վետերանները հուժկու ընդդիմություն հանդիսացան 2011 թ. մայիսին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) զորքերի կողքին ղազախական զորքերի տեղակայման մասին որոշմանը։

2011 թ. Աֆղանստանի պատերազմի վետերանները բացահայտորեն կոչ արեցին լուծարել Ղազախստանի խորհրդարանը։ Նազարբաևի ցանկությունը՝ կանխելու այդ խմբերի միջև տեղի ունեցող անհանգստությունը հավանաբար նպաստեցին ղազախական զորքերի՝ Սիրիայում չտեղակայլու որոշմանը:

Սալաֆիական խմորումներ

Սուննի իսլամիստական կազմակերպությունները երրորդ խոշոր հակադիր խմբակցություն են Սիրիայում ՀԱՊԿ ռազմական միջամտությանը Ղազախստանի մասնակցությանը:

Ռուսաստանի հետ համագործակցությունը Աստանային բացահայտորեն կկապեր Բաշար ալ Ասադի ալևի շիա վարչակարգի հետ: Քանի որ Ղազախստանի հարավային մասում սուննի ծայրահեղականները, ի դեմս Մարատ Մաուլենովի, կոչ են արել Ղազախստանի իսլամիստներին միանալ Սիրիայում Ասադի դեմ պայքարին, Նազարբաևը մտահոգված է, որ Ասադի կողմից Սիրիա զորք ուղարկելը կարող է հանգեցնել ղազախական սուննի ծայրահեղականների՝ Իսլամական պետության տիրապետության տակ գտնվող շրջաններում տեղակայմանը։

Այս հակազդեցությունը կարող է ուժեղացնել Ղազախստանի ընդհատակյա սալաֆիական շարժումները և ավելացնել Իսլամական պետության հետ կապված ահաբեկչական հարձակումների հավանականությունը Ղազախստանում։

Անկախ արտաքին քաղաքականություն

Բացի քաղաքական անկայունություններից, որոնց Սիրիայում ղազախական զորքերի տեղակայումը կարող էր հանգեցնել, Ղազախստանի` Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի մանդատի շուրջ լարվածությունը ընդգծում է Նազարբաևի ցանկությունը՝ ցուցադրել Մոսկվայից Աստանայի արտաքին քաղաքականության անկախությունը:

Հուլիսի 14-ին Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտությունից: Ուժ կիրառելու փոխարեն, ինչպես պնդել է Ուրազաևը, միջազգային հանրությունը պետք է լուծի ղարաբաղյան հակամարտությունը՝ խթանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական բանակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հարցում Ղազախստանի ռազմավարությունը հակասում է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը հետևողականորեն ընդգծել է ՀԱՊԿ-ի հանձնառությունը՝ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը Ադրբեջանի ռազմական ագրեսիայից:

Հետաձգված այց

Ղազախստանի դիմադրությունը՝ ՀԱՊԿ-ի Հայաստանի անունից ներգրավելուն սերտորեն կապված է Թուրքական խորհրդի (Թյուրքալեզու երկրների համագործակցության կազմակերպություն) անդամության հետ, որը ներառում է Ադրբեջանը: Ինչպես նշել է լրագրող Արեգ Գալստյանը մարտին, Ղազախստանը հաճախ լոբբինգ էր անցկացնում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում հօգուտ Ադրբեջանի շահերի և հաջողությամբ Ռուսաստանին համոզեց տեղափոխել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Հայաստանից Ռուսաստան:

Ղազախստանի համերաշխությունը Ադրբեջանի հետ կարող է նաև բացատրել Նազարբաևի որոշումը` չեղյալ հայտարարել 2016 թ. հոկտեմբերին ՀԱՊԿ-ի հանդիպմանը Հայաստան կատարելիք իր այցը ։ Թեև Նազարբաևը դա բացատրեց իր առողջական վիճակով, հոկտեմբերի 11-ին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ղազախ քաղաքական վերլուծաբան Աիդոս Սարիմը նշել է, որ Նազարբաևի «հիվանդությունը» արդարացում էր՝ խուսափելու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

Սիրիայի միջնորդությունը

Ղազախստանի հրաժարումը Ասադին աջակցելու նպատակով ՀԱՊԿ-ի զորքերի Սիրիայում տեղակայումից կարելի է բացատրել նաև Աստանայի` համաշխարհային հարցերում իր աճող ազդեցությունը ցուցաբերելու ցանկությամբ:

Բացահայտորեն հակազդելով Ռուսաստանի առաջարկած ՀԱՊԿ ռազմական միջամտությանը Սիրիայում, Ղազախստանը կարող է ցուցաբերել իր արդյունավետությունը` որպես միջնորդ սիրիական հակամարտության մեջ, ամրապնդելով Նազարբաևի դիրքը միջազգային ասպարեզում։

Չնայած Ղազախստանը շարունակում է մնալ Ռուսաստանի անվտանգության կարևոր գործընկեր, Նազարբաևի հակամարտություններում չներգրավվելը ՀԱՊԿ-ին ցույց է տալիս Աստանայի և Մոսկվայի միջև աճող անդունդը միջազգային ճգնաժամերի կարգավորման հարցում:

Չնայած Ղազախստանի դիրքորոշումը օգնում է կանխել հակաիշխանական խմորումները և ընդգծում Ղազախստանի արտաքին քաղաքականության անկախությունը Ռուսաստանից, ՀԱՊԿ-ում Մոսկվան-Աստանա ճեղքումը, ամենայն հավանականությամբ, կլինի երկկողմ հարաբերությունների երկարատև առանձնահատկությունը:

Մեկնաբանել