Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալությունը՝ փակման սպառնալիքի տակ

Ադրբեջանի Հարկային նախարարությունը օգոստոսի 16-ին ստուգումներ է սկսել ադրբեջանական Turan գործակալությունում։ Գերատեսչության նախնական հարկային հանցագործությունների վարչության աշխատակիցները առավոտից ներկայանալով Turan՝ սկսել են փաստաթղթեր առգրավել, ստուգել գործակալության աշխատակիցների անձնական իրերը՝ թույլ չտալով տեսանկարահանել ստուգումների ու առգրավումների ընթացքը։

Ինչպես հաղորդում է contact.az կայքը, հարկայինի ներկայացուցիչներն անգամ չեն ներկակացրել ստուգումների ու առգրավման սանկցիայի վերաբերյալ փաստաթղթի պատճենը։

Turan-ի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր օգոստոսի 7-ին։ Հարկային նախարարությունը Turan գործակալությանը մեղադրում է 2014-2016թթ․ 37 հազար մանաթ գումարի հարկերից խուսափելու մեջ։ Գործակալությունը կտրականապես հերքում է մեղադրանքը, քրեական հետապնդումը որակում է «ապօրինի և պատվիրված»։ Քրեական գործը նախաձեռնած մարմինների դեմ Turan-ը դատական հայց է ներկայացրել։

«Ամերիկայի ձայն-ի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Turan-ի տնօրեն Մեհման Ալիևն ասել է, որ «գործակալության փակումը իրատեսական է», և վերջին 20 տարիներին «իրենք մշտապես պատրաստ են եղել դրան»։

«Ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ Turan-ի հետ, ինչպես եղել է մյուս լրատվական կառույցների դեպքում։ Իրավիճակն այսպիսին է․ կամ դու համագործակցում ես իշխանությունների հետ, կամ քեզ չեզոքացնում են»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ իրավիճակից ելք չի տեսնում։ 

Ադրբեջանցի և միջազգային վերլուծաբանները վստահ են՝ Ադրբեջանի իշխանությունների սկսած ստուգումները Turan-ում երկրում ազատ մամուլի դեմ ճնշումների ու հետապնդումների մաս են կազմում։ Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանքային շարժման» անդամ Նաթիգ Ջաֆարլին Turan-ի դեմ արշավի առնչությամբ ասել է․ «Նորմալ երկրներում լրատվական գործակալությունները ստուգում են պետական ու կառավարական հիմնարկների գործունեությունը, հայտնաբերում հետաքրքիր փաստեր ու օրինախախտումներ և դրանք հանձնում հասարակության դատին։ Մեզ մոտ հակառակն է, և հենց դրանով ենք տարբերվում քաղաքակիրթ աշխարհից։ Պետությունը ստուգում է տեղեկատվական գործակալությունների գործողությունները, չնայած՝ պետք է նախևառաջ հետաքրքրված լիներ տեղեկատվության անաչառ, անկախ աղբյուրների գործունեությամբ»։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարկային գերատեսչության գործողությունները։

«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալությունը խեղդելու փորձ։ Այս գործը միտված է գործակալությունը տնտեսապես ոչնչացնելուն։ Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել վերջին անկախ լրատվական գործակալության դեմ պարբերական հետապնդումները»:

Կազմակերպության մամուլի ազատության 2017թ․ վարկանիշի համաձայն՝ Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ տեղը։

Հարկերի խուսափումից մեղադրանքը առաջին անգամ չէ, որ առաջադրվում է Ադրբեջանում անկախ մամուլի ներկայացուցիչներին ու ակտիվիստներին։ Ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչներ Անար Մամադլին ու Բաշիր Սուլեյմանլին՝ բոլորը դատապարտվել են ազատազրկման հարկերից խուսափելու մեղադրանքներով։ 2016թ․ նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև Meydan TV-ին։

1990թ․ հիմնադրված Turan գործակալությունը Խորհրդային Միության առաջին անկախ լրատվական գործակալություններից էր։