Էրդողանը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորում է «չափերի մեջ մնալ», Անկարայի քաղաքապետը Օզդեմիրին անվանում է «հայ ծառա»

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թուրքական ծագմամբ գերմանացի քաղաքական գործիչ, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին անվանել է «հայ ծառա և դավաճան»։ Օզդեմիրը թուրք ներգաղթյալների զավակ է, Թուրքիայի իշխանությունների քննադատ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևի նախաձեռնող և կողմնակից։ Ի դեպ, հենց բանաձևի ընդունման օրը՝ 2016թ․ հունիսի 2-ին, Օզդեմիրը հայտարարել էր, որ «չի վիրավորվում, երբ թուրք ազգայնականները իրեն հայ են անվանում»։

Վերջին շաբաթներին թուրք-գերմանական հարաբերությունները ծայրաստիճան լարված են և ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։

«Տե՛ղդ նստիր, հայ ծառա»,- Թվիթերում գրառում է արել Անկարայի քաղաքապետը։

«Ջան/Ջեմը՝ դավաճանության մրցավազքում»,- ասված է Գյոքչեքի գրառումն ուղեկցող լուսանկարի գրության մեջ։ Ջեմը Օզդեմիրն է, Ջանը թերևս վերաբերում է ձախական հայացքներով թուրք լրագրող Ջան Դյունդարին, որը ապաստանել է Գերմանիայում՝ խուսափելով Թուրքիայում ընդդիմադիրների դեմ սկսված հետապնդումներից։

Այս ամենին Օզդեմիրը արձագանքել է գերմաներեն ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ․

«Ծնվել եմ այստեղ։

AfD. Դու գերմանացի չես, դու թուրք ես։

AKP. Դու գերմանացի չես, դու թուրք ես։

Հարցե՞ր»:

[AfD («Այլընտրանք Գերմանիայի համար») կուսակցությունը գերմանական աջակողմյան պոպուլիստական կուսակցություն է, AKP-ն («Արդարություն և զարգացում») Թուրքիայի իշխող կուսակցությունն է – ՍիվիլՆեթ]:

Օզդեմիրի հասցեին Գյոքչեքի վիրավորական արտահայտությունները մեկնաբանել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, որն իր հերթին բազմիցս ենթարկվել է Թուրքիայի իշխող քաղաքական շրջանակների հետապնդումներին։

«Ջեմ Օզդեմիրը պատմության մեջ կմտնի որպես Թուրքիայի պարծանք, իսկ դու՝ որպես ռասիստական, ֆաշիստական խայտառակություն»,- գրել է Փայլանը։

Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի թուրքական համայնքին կոչ է արել սեպտեմբերի 24-ի խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Մերկելի կուսակցության օգտին, ինչին անմիջապես արձագանքել է Մերկելը․ իր կառավարությունը թույլ չի տա որևէ միջամտություն ընտրություններին։

Ավելին, Էրդողանը, դիմելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին, հորդորել է նրան «չափերի մեջ մնալ»։ Գաբրիելը քննադատել էր Թուրքիայի ղեկավարին գերմանական ընտրություններին միջամտելու փորձի համար։

«Նա չափերը չի ճանաչում։ Ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ։ Չափդ իմացիր։ Նա փորձում է մեզ դաս տալ․․․ Որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ։ Քանի՞ տարեկան ես»,- Էրդողանին մեջբերում է The Local պարբերականը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել