ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել՝ Անդրանիկ Արմենի Մկրտչյանը

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ): Այս մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

«Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վազ զինծառայողի մահվան մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։

«Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հաղորդում է ՔԿ-ն։

Մեկնաբանել