ԵՏՄ-ի հետ Թուրքիայի մաքսային համաձայնագրի հարցը մյուս մասնակիցներին էլ է վերաբերում․ ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև մաքսային համաձայնագրի կնքման հարցը միայն Ռուսաստանին չէ, որ վերաբերում է․ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է դրանով, սատարո՞ւմ է նախաձեռնությանը և ակնկալո՞ւմ է արդյոք, որ ԵՏՄ-ի մյուս երկրները կաջակցեն դրան։

«Ինչպես նկատեցիք՝ այդ հարցը միայն Ռուսաստանի Դաշնությանը չէ, որ վերաբերում է, այլ տվյալ ձևաչափի մյուս մասնակիցներին ևս։ Հարցը համապատասխան որոշումներ է պահանջում։ Կարող եմ ճշտել մեր փորձագետներից և Ձեզ հավելյալ տեղեկատվություն տրամադրել նման հայտարարություններին մեր արձագանքի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

***

Վերջերս Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ձգտում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալ։

Զեյբեքչիի հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ ի դեմս նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի․ «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Մեկնաբանել