Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում կմասնակցեն ԱՊՀ գագաթաժողովին

Հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի կայանալու է երկու միջոցառում՝ Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ-ի Խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը, որոնց շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա առանձին երկրների ղեկավարների հետ։

Միջոցառումներին, ըստ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի, մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Սոչիում ներկա չի լինելու, և երկիրը ներկայացնելու է վարչապետը։

Ուշակովի տեղեկացմամբ՝ ԱՊՀ առաջնորդների գագաթաժողովների արդյունքներով ստորագրման է նախապատրաստված 19 փաստաթուղթ։

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել վերսկսելու ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները։

Մեկնաբանել