«911»-ին զուգահեռ ԱԻՆ-ը կունենա ևս մեկ հեռախոսահամար

«911»-ին զուգահեռ ԱԻՆ-ը կունենա ևս մեկ փրկության հեռախոսահամար «112», այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` «112» փրկության հեռախոսահամարը Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի և կիրառվող է:

««112» ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և «911»-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում:

«112» փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: «112»-ը առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:

Միջազգային ճանաչելիությունից բացի՝ «112»-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աղետների և վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել