Սերժ Սարգսյանը մեկնում է Հնդկաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

***

Այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Հայաստանում էր Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Անսարին փոխանցել էր Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ուղերձը, որով նա ՀՀ նախագահին պաշտոնական այցով հրավիրում էր Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը:

Լուսանկարում՝ Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ նախագահի նստավայրում, 2017թ․ ապրիլ

Մեկնաբանել