ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա․ ԵՄ պաշտոնյա

Որևէ էական խոչընդոտ չկա, որ Եվրոպական Միությունը և Հայաստանը չստորագրեն նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարել է Եվրոպական Միության բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում։

Նոյեմբերի 21-ին Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի լրագրողների հետ հեռուստակամուրջ էր կազմակերպվել ԵՄ բարձրաստիճան երկու պաշտոնյայի հետ, որոնց անունները, ըստ պայմանավորվածության, չեն հրապարակվում։

ՍիվիլՆեթը հիշեցրեց, որ 2013թ․ Հայաստանը ձախողեց Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ աշխարհաքաղաքական նկատառումներից ու ճնշումներից ելնելով։ «Արդյոք ներկայում որևէ խոչընդոտ կա՞, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել»։

Եվրոպացի պաշտոնյան պատասխանեց, որ այժմ որևէ էական խոչընդոտ չկա, քանի որ այսօրվա և 2013թ․ իրավիճակները տարբեր են․

«Իրավիճակն այժմ համեմատելի չէ 2013թ․ իրավիճակի հետ։ Այն ժամանակ Հայաստանը որոշեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ,- մենք հարգում ենք մեր գործընկերների ընտրությունը,- և հիմա Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումն ամբողջապես համատեղելի է ԵՏՄ նրա անդամության հետ»։

Նրա խոսքով՝ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես, և Բրյուսելի գագաթաժողովում ակնկալվում է համաձայնագրի ստորագրումը։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրի տեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի ձևակերպումների շուրջ տարաձայնություններին, ԵՄ պաշտոնյան ասաց․

«Տեքստի շուրջ բանակցությունները դեռ ընթանում են, և ցավոք ես դեռ չեմ կարող մեկնաբանել։ Ես միայն կարող եմ հաստատել, որ մեր նպատակն է հանգել մի արդյունքի, որն ընդունելի կլինի ինչպես ԵՄ անդամ 28 պետությունների, այնպես էլ Արևելյան գործընկերության վեց գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար»։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել