Մոսկվան Արևելյան գործընկերության երկրներին չի խանդում, ըստ Լավրովի

Եվրամիության Արևելյան գործընկերության համատեքստում Ռուսաստանը երբեք ոչ ոքի կյանք չի սովորեցնում։ Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի նկատմամբ Մոսկվան կասկած և տարակուսանք չունի․ բելառուսական «СТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերությանը՝ մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս Եվրամիության հետ ունենք գործընկերության մասին համաձայնագիր, որը, ցավոք, սառեցված է ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք չենք ունեցել կասկածներ այն հարցում, որ մեր հարևանները, մեր բարեկամները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ իրենց բոլոր գործընկերների հետ Արևմուտքում, Արևելքում, Հյուսիսոում և Հարավում»,- ասել է Լավրովը։

«Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի նկատմամբ որևէ կասկած կամ տարակուսանք չունենք։ Իհարկե, մենք տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի, վրաց գործընկերները։ Բայց կրկնեմ՝ նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի հաջողվի Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տանել դեպի հակառուսական հուն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեսնում է ԵՄ որոշ երկրների ցանկությունը՝ Արևելյան գործընկերությունը «օգտագործել հակառուսական նպատակներով»։

«Նրանք մեծամասնություն չեն, սակայն բավական ագրեսիվ կեցվածք են դրսևորում։ Դա արտահայտվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում»,- նկատել է դիվանագետը՝ հավելելով, որ ԵՄ երկրների մեծ մասը հասկանում է, որ հակառուսականության ներմուծումը «անարդյունավետ է և անհեռանկար»։

***

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Գագաթաժողովի օրերին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան «հարգանքով է վերաբերվում» ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը։

Չնայած պաշտոնական Մոսկվայի հնչեցրած դիրքորոշմանը՝ վերջին շաբաթներին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներով, մասնավորապես, «Զվեզդա» և НТВ հեռուստաալիքներով հեռարձակվել են հակահայկական հաղորդումներ, որոնց ընթացքում մեղադրանքներ և վիրավորական արտահայտություններ են հնչել Հայաստանի հասցեին, որոնք լայն արձագանք են գտել հայաստանյան օգտատերերի շրջանում։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել