ՍԱՊԾ-ը նախատոնական և տոնական օրերին կաշխատի հատուկ ռեժիմով

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին՝ «հիմք ընդունելով ՀՀ վարչապետի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը»։

«Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ Ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը տեղեկացնում է, որ սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանձնարարել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների «անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով»՝ շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

Մեկնաբանել