ԱՄՆ-ի օգնությամբ կառուցվող ՊՆ-ի կենտրոնում կանցկացվի զորավարժություն՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով

Հայաստանի ՊՆ-ն նպատակ ունի ԱՄՆ-ի օգնությամբ Կոտայքի մարզում կառուցվող «Զառ» ուսումնավարժական կենտրոնը դարձնել միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն․ այս մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Դեկտեմբերի 19-ին Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին հնչած հարցին, թե ինչ հնարավորություններ կբացի ԱՄՆ-ի օժանդակությամբ կառուցվող «Զառ» ուսումնավարժական կենտրոնը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, Լևոն Այվազյանը պատասխանել է, որ նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն․ «Մենք հեռահար նպատակ ունենք այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո, միգուցե սերտիֆիկացնենք, և այն դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն»:

Հայաստանի պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնավարժական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի մասնակցությամբ (լուսանկարում)։ «Զառ» կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

Այսօրվա ասուլիսին Այվազյանը հիշեցրել է, որ « Զառ» ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է երկկողմ՝ հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակում, երկու երկրների ներդրման արդյունքում։

«Այս տարի ավարտվեց ուսումնական կենտրոնի շինարարության առաջին փուլը։ Դեռ կա մի քանի փուլ, որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինի այն։ Բացի շինարարական աշխատանքներից` պլանավորվում է կենտրոնում տեղակայել խաղաղապահ գոծողությունների վարժանքների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան խաղաղապահներին այնտեղ վարժանքներ անցկացնել»:

Արդեն հաջորդ տարի «Զառ» կենտրոնում ծրագրվում է զորավարժություն` ՆԱՏՕ-ի գնահատման գործընթացի շրջանակում։ Եդիգարյանը նշել է, որ այդ զորավարժությունը Հայաստանի ազգային զորավարժությունն է, խաղաղապահ կարողությունների գնահատումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Կենտրոնի նպատակը, ըստ նրա, խաղաղապահ գործողությունների, վարժանքի ազգային կարողությունների զարգացումն է, քանի որ մինչ այժմ հայ խաղաղապահներն իրենց վարժանքներն ու վերապատրաստումներն անցկացնում էին արտերկրում։ ՊՆ պաշտոնյան նշել է, որ Հայաստանում չկար այնպիսի կարողություն, որտեղ հնարավոր լիներ միջազգային չափանիշներին համապատասխան վարժանքներ անցնել:

Ներկայում Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող երկու խաղաղապահ առաքելությունների` Աֆղանստանում և Կոսովոյում։

«Կարող եմ ասել՝ մասնակցության ծավալով, հատկապես Աֆղանստանում ստորաբաժանման ծավալով, մենք առաջատար դիրքեր ենք գրավում: Առաքելության օպերատիվ խնդիրներից ելնելով՝ այժմ Հայաստանը բավարարում է այն պահանջը, որը ներկայացվում է ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ մտադի՞ր է քննարկել կամ քննարկո՞ւմ է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, Այվազյանը պատասխանել է․

«Եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը` երկկողմ ձևաչափը, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը ռազմական համագործակցության բաղկացուցիչն է, որը գտնվում է մեր օրակարգում»:

Մեկնաբանել