Աշխարհը 2017-ին՝ ըստ The Guardian-ի

«Այս տարին անխղճության հակում և հսկայական ինքնասիրություն ունեցող «զիլ տղա» ոճի խիստ տղամարդ առաջնորդների տարի էր»,- գրում է The Guardian-ի սյունակագիր Սայմոն Թիսդոլը` ամփոփելով 2017թ. արդյունքները:

Ըստ հոդվածագրի՝ Մոսկվայում այս ժանրի վառ օրինակ Վլադիմիր Պուտինը ավելի սեղմեց աքցանները, որոնցում նա պահում է ներքին քաղաքականությունը, ինչպես նաև ուժեղացրեց կիբեր-թվային «ազդեցության պատերազմը», որը Ռուսաստանը վարում է Արևմուտքի հետ: Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հասավ յուրատեսակ անմահության, երբ իր ոչ օրիգինալ մտքերը ներառվեցին Կոմունիստական կուսակցության սահմանադրության մեջ: Վաշինգտոնում Դոնալդ Թրամփը հանդես եկավ ԱՄՆ նախագահության շառլատան ծաղրանմանակմամբ՝ անհանգստացնող թափով համատեղելով հզորությունն ու տգիտությունը։

Հեղինակը թվարկում է անցնող տարվա մի քանի արդիական խնդիրներ:

Հյուսիսային Կորեան դարձել է 2017 թ. ամենավտանգավոր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում: 2017-ին ռինգի անկյուններում երկու դյուրաբորբոք, անողջամիտ և անփորձ ղեկավարներ էին՝ Կիմ Չեն Ինը և Դոնալդ Թրամփը: Չինաստանը չի համարձակվում անմիջականորեն հակազդել Կիմին, քանի որ վախենում է անկայունությունից, որին կբերի Հյուսիսային Կորեայի ռեժիմի փլուզումը, և չի ցանկանում, որ լինի Միացյալ Նահանգների դաշնակից վերամիավորված Կորեա:

Թրամփը հանձնարարեց ուժեղացնել ռազմածովային և ռազմաօդային ուժերը Կորեական թերակղզում: Նման հավասարակշռումը պատերազմի շեմին չափազանց վտանգավոր է, քանի որ այն կարող է համոզել Կիմին, որ իր վրա պատրաստվում են հարձակվել։

Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարում Ցզինպինը բարձր գնահատեց Չինաստանի բարգավաճման և գլոբալ իշխանության «նոր դարաշրջանը»՝ ասելով, որ Չինաստանը «մոտենում է թատերաբեմի կենտրոնին և մեծացնում իր ներդրումը մարդկության զարգացման գործում»:

Ամերիկյան ռազմավարական գերիշխանության համար այդ «ներդրման» հնարավոր բացասական հետևանքները հետպատերազմյան Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Արևմուտքի՝ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի վրա ազդեցությունն ու շահերը չափազանց ակնհայտ էին:

Բայց կարծես ոչ Թրամփի համար։ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ համաձայնագրին գերակայություն տալով՝ նա Ցզինպինին հաղթաթուղթ տվեց առևտրի ոլորտում և նրան պատասխանատվության չենթարկեց օրինակ, Չինաստանի՝ Հարավչինական ծովում անօրինական ռազմական ընդարձակման, Թայվանի հասցեին հնչեցրած սպառնալիքների, Տիբեթում ճնշումների, ժողովրդավարության հսկայական պակասի կամ մարդու իրավունքների սարսափելի իրավիճակի համար: Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալով՝ Թրամփը չինացիներին հնարավորություն տվեց ընդլայնել իրենց ազդեցությունը:

Սի Ցզինպինը միակ առաջնորդը չէ, որը շահել է Թրամփի միամտությունից, ավտորիտարիզմի նկատմամբ ունեցած հիացմունքից, էգոիզմից, որը հեշտ է շահագործել։ Պուտինին կարծես թե հաջողվել է Թրամփին համոզել, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է սիրիական խնդրի նման խնդիրների լուծման հարցում: Պուտինին գրեթե հաջողվեց հասնել 2014թ. Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայում ռազմական միջամտությունից հետո Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների վերացմանը: Եվրոպան սարսափի մեջ էր, երբ Թրամփը դրան ըմբռնումով արձագանքեց. նրան համոզեցին առայժմ դրան ընթացք չտալ:

Բայց թերևս առավել տպավորիչ է, որ Թրամփը դեմ դուրս եկավ իր հետախուզական ծառայությունների եզրակացություններին և ընդունեց Պուտինի հավաստիացումները, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ում անցյալ տարվա նախագահական ընտրություններին` թուլացնելով իր մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը:

Եվրոպայում տարվա սկզբին նկատելի էր պոպուլիզմի հեղեղ, պայմանավորված ներգաղթի նկատմամբ վախով, տնտեսական դժվարություններով, եվրոհոռետեսությամբ, ինքնության կորստով և սովորական հին այլատյացությամբ: Սակայն կենտրոնամետներին ինչ-որ կերպ հաջողվեց պահպանել իրենց դիրքերը Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Գերմանիայում:

Միացյալ Թագավորությունը մոլեռանդորեն զբաղված էր Բրեքզիթի պայմանների շուրջ բանակցություններով:

Կատալոնիայի անկախության հռչակագրի և Արևելյան Եվրոպայում եվրահոռետեսության աճի մասին: բալթյան երկրները մտահոգված էին անվտանգության առումով, և ՆԱՏՕ-ն զորքերը տեղակայեց սահմանային գոտիներում:

Սիրիայում Եվրոպան մղվեց լուսանցք, երբ Ռուսաստանը և Իրանը, շրջանցելով ՄԱԿ-ին, միավորվեցին, որպեսզի զբաղվեն հակամարտության կարգավորմամբ՝ պահպանելով Ասադի իշխանությունը: Այս պատերազմում Իրանի առաջատար դերը, Իրաքում և Լիբանանում ազդեցության ընդլայնումը և Հուսի ապստամբներին Եմենում աջակցելը գրեթե անարձագանք մնացին Արևմուտքում:

Թրամփն ավելի բորբոքեց իրավիճակը և պաղեստինցիներին զայրացրեց` վիճահարույց և երկատված Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարելով ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասի»: Նա նաև ռազմատենչ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում՝ սպառնալով կասեցնել 2015թ. Իրան-Վեցյակ միջուկային համաձայնագիրը:

Միևնույն ժամանակ, ձախողվեց իրաքյան քրդերի կողմից անկախ պետություն ստեղծելու փորձը, որի համար ընտրվել էր անհաջող պահ:

Եթե Մերձավոր Արևելքում 2018թ. կանխատեսելի բան կա, ապա դա հակամարտության ուժեղացումն է Իրանի և Թրամփի միջև, որին կաջակցի Իսրայելը:

Ամեն դեպքում կան նաև հույսի և առաջընթացի շատ ակնարկներ. Եվրոպայում աճել է էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակը, զարգացել են մարտկոցների տեխնոլոգիաները, խոշոր ավտոարտադրողները հայտարարել են, որ աստիճանաբար դադարեցնելու են բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը, որոնք աղտոտում են օդը:

Միջուկային զենքի արգելման նոր պայմանագրի օգտին ՄԱԿ-ում քվեարկեց 122 երկիր: Հաագայի Միջազգային դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Սերբիայի պաշտոնաթող գեներալ Ռատկո Մլադիչին: Բրազիլիան վերականգնվում է կոռուպցիոն սկանդալներից, Կոլումբիան` երկարատև պարտիզանական պատերազմից: Զիմբաբվեում խաղաղ ճանապարհով իշխանությունունից հեռացավ «ծեր բռնապետ» նախագահ Մուգաբեն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել