«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերը օտարվում են

«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») օտարում է իր բաժնետոմսերի 99,99 տոկոսը։

Հարցը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգում։

««Համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99,99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99,99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0,01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն»,- նշված է որոշման նախագծում։

«Արամայո ինվեստմենթս լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2015թ․՝ օֆշորային համարվող Կիպրոսում, մայրաքաղաք Նիկոսիայում։ Այս ընկերության հետ են փոխկապակցված A.T.S. Services Limited ընկերությունն ու Պավել Մաշարովը։ Մաշարովի ու մյուս բաժնետիրոջ՝ Արտյոմ Վասիլևի անուններին կարելի է հանդիպել «Հետք» ինտերնետային պարբերականի՝ Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերությունների մասին հետաքննությունում. ըստ հրապարակման՝ Մաշարովն ու Վասիլևը հանդիսանում են International Cell Holding LTD-ի բաժնետերեր։ Հենց այս ընկերությունն է կանգնած «Ղ-Տելեկոմ»-ի հետևում։

Մեկնաբանել