Ֆրանսիայի նախագահը կժամանի Հայաստան՝ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը։

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ Նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

«Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նշել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը․

«Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը և այդ իրադարձություն կարևոր տեղ ունի երկկողմ օրակարգում․

«Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակության համար»:

«Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ քննարկման կարևոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ «Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար»:

Մեկնաբանել