Թուրքիան և ՆԱՏՕ-ն՝ իրարից հեռանալով, բայց միասին․ The Economist-ի անդրադարձը

Բրիտանական The Economist հանդեսն անդրադարձել է ՆԱՏՕ-ի և նրա անդամ Թուրքիայի լարված հարաբերություններին և դրանց հեռանկարներին։

ՆԱՏՕ-ի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունների և Ռուսաստանի ռազմական վճռականության վերաբերյալ մտահոգությունները մնում են դաշինքի օրակարգի առաջնահերթությունների թվում: Սակայն դաշինքի գլխին կախված է նաև կիսաառանձնացած Թուրքիայի խնդիրը. երկիր, որը զինված ուժերի քանակով ՆԱՏՕ-ում երկրորդն է։

Թուրքիան ոչ միայն անկանխատեսելի է: Այն նաև հետապնդում է ազգայնական օրակարգ, որը կարող է հակասել դաշնակիցների հանդեպ իր պարտականություններին: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության ամենավերջին աղբյուրը Թուրքիայի հարձակումն էր Աֆրինի՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդական անկլավի վրա: Սա ուղղակիորեն ՆԱՏՕ-ի հետ կապված չէ, սակայն ամերիկյան զորքերը շուտով կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի ուղիղ կրակի տակ, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշի իրականացնել 30 000-անոց «ԱՄՆ-ի աջակցությունը վայելու սահմանային անվտանգության ուժին» սաղմի մեջ խեղդելու իր խոստումը։ Դա հիմնականում Ժողովրդական պաշտպանության ուժերի քրդական զինյալներից կազմված և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ուժ է, որին Թուրքիան համարում է ահաբեկչական:

Սակայն Սիրիայում բախվող շահերը ընդամենը մեկն են ՆԱՏՕ-ի անդամների հետ Թուրքիայի բարդ հարաբերություններում: 2016թ. ամռանը ձախողված հեղաշրջման փորձից շատ առաջ ՆԱՏՕ-ում մտահոգություններ կային Թուրքիայում աճող ավտորիտարիզմի շուրջ: Հեղաշրջման փորձից հետո այդ մտահոգություններն ավելի են աճել։ Էրդողանը վրդովված Արևմուտքի՝ իր կարծիքով ոչ անկեղծ աջակցության արտահայտություններից (ի տարբերություն Վլադիմիր Պուտինի գրկաբաց շնորհավորանքների), ձեռնամուխ եղավ անհավատարմության մեջ կասկածվող բոլոր անձանց հարցերի լուծմանը։ Հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերում կասկածվող 50 000 ձերբակալվածների և 110 000 աշխատանքից ազատվածների թվում է մոտ 11 000 զինվորական և օդաչու:

Թուրք ռազմական վերլուծաբաններից մեկի տվյալներով՝ աշխատանքից ազատվել է Թուրքիայի գեներալների 38 տոկոսը: ՆԱՏՕ-ի մոտ 400 թուրք զինվորականներ հեռացվել են, շատերը փախել են արտերկիր՝ բանտարկությունից խուսափելու համար, իսկ նրանց փոխարինել են Էրդողանի հավատարիմ կողմնակիցները, որոնք որակապես զիջում են նախորդներին, և նրանցից շատերն ակնհայտ թշնամաբար են վերաբերվում ՆԱՏՕ-ին՝ համակրելով ՆԱՏՕ-ի հակառակորդներին: Դաշինքի գլխավոր հրամանատար գեներալ Կուրտիս Սկապարոտտին գանգատվել է աշխատակազմի որակի «դեգրադացիայից»։

Մեկ այլ դեպք էր, երբ անցյալ տարի գերմանացի պատգամավորներին (ոչ առաջին անգամ) թույլ չտրվեց մուտք գործել Ինջիրլիկի և Կոնյայի ռազմաբազաներ՝ տեսակցելու գերմանական օդային զորակազմին, որ աջակցության առաքելություն էր իրականացնում դեպի Իրաք։ Դրանով Թուրքիան կարծես պատժում էր Գերմանիային՝ Էրդողանի կողմնակիցներին իր նախագահության լիազորությունների երկարացման քարոզարշավի օգտին հանրահավաքներ անցկացնելն արգելելու համար։ (Էրդողանը արգելքն անվանել էր «նացիստական պրակտիկա»): ՆԱՏՕ-ի քաղաքական կառույցի ղեկավար Յենս Ստոլտենբերգի միջամտությունից հետո թուրքերը վերջապես թույլ տվեցին գերմանացի պատգամավորներին այցելել զորակազմին: Այնուամենայնիվ գերմանացիներն իրենց Տորնադոները Ինջիրլիկից տեղափոխեցին Հորդանանում գտնվող Մուաֆակ Սալթի ավիառազմակայան, որը Ամերիկան շարունակում է ընդարձակել և դրա համար տրամադրել է 143 մլն դոլար, ապահովագրվելոց սցենարից, որ հանկարծ կարող է թողնել Ինջիրլիկը։

Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները, մասնավորապես հեղաշրջումից հետո, ևս մեկ մտահոգություն է: Էրդողանը Պուտինին համարում է իր նման ուժեղ և նպատակային առաջնորդ: Մտերմանալով Պուտինի հետ՝ նա ՆԱՏՕ-ին ուղերձ է հղում, որ ինքն այլ տարբերակներ ունի: Պուտինի տեսանկունից՝ Էրդողանը նրան տալիս է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի մասնատման և թուլացման միջոց, ինչը նրա գերակա ռազմավարական նպատակն է:

Կարմիրը կապույտի վրա

Էրդողանի երկդիմի արտաքին քաղաքականության առավել ցցուն դրսևորումը դեկտեմբերին արված հայտարարություն էր, որ Թուրքիան ստորագրել է Ռուսաստանից առաջատար S-400 հակաօդային պաշտպանության երկու մարտական հաշվարկների ձեռքբերման պայմանագիր: S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ և, համենայնդեպս սկզբնական շրջանում, կտեղակայվի և կշահագործվի ռուսների կողմից: Այսպիսով, Ռուսաստանը կարող է ակնկալել առատ հետախուզական տվյալներ ստանալ:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները ամեն ինչ անում են՝ խիզախ դեմք ընդունելու համար: Նրանք նշում են, որ Թուրքիան նաև պայմանագիր է ստորագրել Eurosam-ի՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց հրթիռների արտադրությամբ զբաղվող եվրոպական կոնսորցիումի հետ, և նշում են, որ S-400-ները կարող են միայն ժամանակավոր լուծում լինել։ Նրանք նաև ասում են, որ սա վերջիվերջո սովորական բիզնես է: Թուրքիան կատարում է դաշինքին իր ստանձնած պարտավորությունները, օրինակ` Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը, և ՆԱՏՕ-ԵՄ անվտանգության համաձայնագրին խոչընդոտելու ոչ մի քայլ չի արել, չնայած որ կարող էր արգելափակել այն: Թուրքիային նաև կարեկցում են ահաբեկչության նկատմամբ խոցելիության և խրախուսում` փախստականների բեռի զգալի մասն իր վրա վերցնելու համար: Եվ նույնիսկ եթե Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու կամ հեռացնելու մեխանիզմ լիներ, որը չկա, Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունն այժմ առավել քան մեծ է։

Էրդողանը, հույս կա, հասկանում է, որ Ռուսաստանը Թուրքիային օգտագործում է սեփական նպատակների համար, և որ այն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին որպես երկարաժամկետ անվտանգության գործընկերոջ: Հնարավոր է նաև, որ գնալով նվազի Էրդողանի հետհեղաշրջումային խելացնորությունը, թեև դրա նշաններն առանձնապես չեն երևում: Սակայն, ինչպես շատ անհաջող ամուսնությունների դեպքում, իրականությունն այն է, որ որքան էլ նրանց հարաբերությունները վատանան, Թուրքիան և ՆԱՏՕ-ն ստիպված են չամուսնալուծվել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել