Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից։ Այդ մասին նա հայտարարել է այսօրվա կառավարության նիստին, որը վարել է ինքը։

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Պարո՛ն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն՝ հաջորդ նիստի ժամանակ ընդունելու համար: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Մարտի 29-ին կառավարությոան որոշմամբ Սերժ Սարգսյանին էր անհատույց հանձնվում այն առանձնատունը, որտեղ նա բնակվում էր որպես հանրապետության նախագահ։

Սա բուռն դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում։ Նախորդ երկու նախագահները, ըստ օրենքի, ևս պետության կողմից առանձնատներ են ստացել, սակայն քաղաքի տարբեր մասերում և ոչ կառավարական ամառանոցներ կոչվող վայրում, որտեղ բնակվում է երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Ապրիլի 17-ին խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այդ մասին սուր հարցեր էր ուղղել Սերժ Սարգսյանին։

Իսկ ԵԼՔ-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, նա պատասխանել էր.

«Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։