Քաղաքական ճգնաժամ․ ինչպե՞ս կարող է այն լուծվել իրավականորեն

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար է դարձել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Հրապարակում հավաքված բազմահազարանոց ընդդիմությունը պահանջում է Կարապետյանի հրաժարականը և վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուի» ընտրությունը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է, թե իրավական ինչ լուծումներ կարող են լինել ստեղծված իրավիճակում։

Ինչպես է լուծարվում կառավարությունը

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի ուժով՝ մայիսի 1-ին կմեկնարկի վարչապետի ընտրության հարցի քննարկումը։ ԱԺ բոլոր խմբակցություններն իրավունք ունեն ներկայացնել սեփական թեկնածուներին։ Եթե խորհրդարանը առաջին անգամ վարչապետ չընտրի, կանցկացվի երկրորդ ընտրությունը։ Դրանց տապալվելու պարագայում կարձակվի Ազգային ժողովը և կլուծարվի կառավարությունը։

Որ դեպքում կարող է նշանակվել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն

Այս պարագայում առկա է երկու սցենար։ Ամենաարագ գործընթացը տեղի կունենա, եթե ԱԺ-ն այդպես էլ վարչապետ չընտրի, տվյալ պարագայում խորհրդարանը կարձակվի մայիսին։

Երկրորդ սցենարը տեղի կունենա, երբ առաջիկայում խորհրդարանը վարչապետ ընտրի ԵԼՔ խմբակցության թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանին, ապա նա նշանակվելուց հետո 15 օրվա ընթացքում, ըստ Սահմանադրության 150-րդ հոդվածի, պետք է կազմավորի կառավարություն։ Կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը (ՀՀ սահմանադրության 151-րդ հոդված)։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ին հայտարարել էր սցենարի մասին, որ «երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը»։ Այս պարագայում, եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս ծրագրին ու Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովը արձակվում է, նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Այս սցենարով շարժվելիս խորհրդարանը կցրվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։

Հնարավո՞ր է, արդյոք, որ խորհրդարանի մեծամասնությունն այդպես էլ չընտրի ընդդիմության թեկնածուին

Ներկայում Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, մեծամասնությունը՝ ՀՀԿ խմբակցությունն է՝ 58 պատգամավոր, ապա Ծառուկյան դաշինքը՝ 31 պատգամավոր, ԵԼՔ-ը՝ 9 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 7 պատգամավոր։

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե առկա է քվորում: Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, կարող է այդպես էլ չընտրել ընդդիմության թեկնածուին։

ՀՀԿ-ն կարող է առաջադրել նաև սեփական թեկնածուին և ընտրել նրան։ Ընդդիմությունը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում և, Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին։ [ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով, նա ՀՀ-ից բացակայել է 688 օր

Այդ նորմը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Այդ պահանջները թելադրված են Սահմանադրության 48-րդ հոդվածում, ըստ որի՝ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել «միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»։

Ինչպես են նշանակվում արտահերթ ընտրություններ

Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրություններ նշանակվոմ են ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

Գևորգ Թոսունյան