Հիվանդանոցում մահացել է ոստիկանը՝ HSBC բանկի վրա հարձակման ժամանակ վիրավորված

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում HSBC-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման արդյունքում զինված անձը վիրավորել էր երկու անձի, որոնցից մեկը մահացել էր տեղում։ 

«Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- ասված է Ոստիկանության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունում: