Ցոլակյանը հեռանում է Շիրակի պետհամալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից

Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ 

«Հարգելի հայրենակիցներ,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը’ միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով’ համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»,- գրել է Ցոլակյանը։

Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով համալսարանի ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանի հրաժարականը։ Բուհի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուսանողներին կոչ է արել «տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին» և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»: