Առանց մրցույթի գործարքներ, երկու բնակարան, 200 000 դոլար

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ներկայում նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը 2017-ին բազմաբնակարան շենքում երկու բնակարան է ձեռք բերել։ Դրանցից մեկն արժեցել է շուրջ 86 հազար դոլար, իսկ մյուսը՝ մոտ 57 հազար դոլար։ Մակարյանի հետ փոխկապված ընկերությունը՝ «Սոֆադը», պետական գերատեսչություններին մեկ անձից գնման միջոցով մատակարարում է սանիտարահիգիենիկ պարագաներ։

Բաց ռեժիմով լրացված հայտարարագրում Վարդան Մակարյանը նշել է, որ ձեռք բերված գույքերը համատեղությամբ պատկանում են կնոջը և որ դրանք գնելիս օգտագործվել են նաև կնոջ միջոցները։ Մակարյանի կինը Զարուհի Մելիքսեթյանն է։

Անցյալ տարեվերջին ՍիվիլՆեթը պարզել էր, որ Զարուհի Մելիքսեթյանը սանիտարահիգիենիկ և կենցաղային իրերի ներկրումով ու վաճառքով զբաղվող «Սոֆադ» ընկերության բաժնետեր է։ «Սոֆադը» հանդիսանում է պետական մարմիններին, այդ թվում՝ նախագահականին սանիտարահիգիենիկ իրերի հիմնական մատակարարներից։

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության՝ 2012-ին նախագահի աշխատակազմը գնումներ է իրականացրել հենց նախագահի պաշտոնյայի կնոջ ընկերությունից՝ թեև գնման մրցույթում նրա մրցակիցն ավելի ցածր գին էր առաջարկել։

Միայն 2017-ին Զարուհի Մելիքսեթյանի մասնակցությամբ ընկերությունը նախագահի աշխատակազմի հետ կնքել էր ընդհանուր առմամբ 2,7 միլիոն դրամի պայմանագիր։ 2018-ին արդեն գնանշման հարցման ընթացակարգով «Սոֆադը» կենցաղային իրեր մատակարարելու 310 000 դրամի պայմանագիր էր կնքել նախագահի աշխատակազմի հետ։ Ոչ մրցակցային համարվող մեկ անձից գնման ընթացակարգով «Սոֆադը» մեկ տարի առաջ 300 000 դրամի պայմանագիր էր կնքել կառավարությանն առնթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հետ։

Այս տարվա մարտի 17-ին «Սոֆադը» մեկ անձից գնման ընթացակարգով 130 000 դրամի պայմանագիր է կնքել Ազգային ժողովի հետ։ Նույն ընթացակարգով՝ առանց մրցակիցների, «Սոֆադը» մարտի 30-ին 303 000 դրամի զուգարանի թուղթ ու օճառ է մատակարարել քաղաքաշինության պետական կոմիտեին, ևս 544 000 դրամի՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի դրամական միջոցները 2017-ին դոլարով արտահայտված աճել են 163 հազար դոլարով ու կազմել 200 000 դոլար։ Եվս 240 000 դոլարի Մակարյանը փոխառություն է ստացել։

Նրա կնոջ՝ Զարուհի Մելիքսեթյանի՝ դոլարով արտահայտված միջոցները կտրուկ աճել են 57 հազար դոլարով ու կազմել 102 000 դոլար, իսկ դրամով արտահայտված միջոցները նվազել են 32,8 միլիոն դրամով։

Վարդան Մակարյանին վերաբերող նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ վերջինիս մայրը՝ Քնարիկ Կարապետյանը, ով Սերժ Սարգսյանի կնոջ մերձավոր շրջապատից է, ևս ներգրավված է բիզեսում։ Նա 33 տոկոս բաժնեմաս ունի «Բի փլեյս նորդ» գովազդային ընկերությունում։ Մակարյանի քույրն ու կնոջ քույրը ևս համատեղ բիզնես ունեն՝ «Ավթանդիլ» բրենդային հագուստի խանութը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի այստեղ 50 տոկոս բաժնեմաս։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել