Նեմեցին մերժեցին․ «Հայկական ժամանակ»

Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ներառված է կառավարության որոշման նախագիծ, որով մերժվում է «Հարսնաքար» ՍՊԸ-ին որոշակի սարքավորումներ ներկրելու համար հարկային և մաքսային արտոնություններ տալու հարցը։

«Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ «Հարսնաքարը» որոշել է ներկրել լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետաղական լեդ լուսարձակների համար և առաջարկել է ազատել իրեն այդ սարքավորումներից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային և մաքսային վճարներից։ Նշված սարքավորումները նախատեսված են ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար, իսկ դա կառավարության համար չի համարվում տնտեսության գերակա ոլորտ։ Ու հենց այդ հիմքով էլ հայտը մերժվել է»։

Թերթը գրում է, որ հարցն ուշագրավ է նրանով, որ «Հարսնաքարը» դե ֆակտո պատկանում է ՀՀԿ խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո)։ Թե ինչ տրամաբանությամբ է ընկերությունը ակնկալել հարկային արտոնություններ վերը նշված սարքավորումների համար, դժվար է ասել։