Կրեմլամերձ գործիչներն այցելել են Լելե Թեփեի ադրբեջանական դիրքեր

Ռուսաստանցի քաղաքագետներ Ալեքսանդր Դուգինը, Մաքսիմ Շևչենկոն և Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, ինչպես նաև ռազմական փորձագետ ԻգորԿորոտչենկոն Ադրբեջանում այցելել են Ջոջուք Մերջանլի գյուղ և բարձրացել Լելե Թեփե բլուր։

Կրեմլին մոտ կանգնած այս գործիչները, ադրբեջանական Haqqin.az կայքի փոխանցմամբ, Ջոջուք Մերջանլի գյուղում մասնակցում էին «Ադրբեջան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը» խորարգիրը կրող խորհրդաժողովին։

Նրանք այցելել են դիրքեր, հանդիպել ադրբեջանցի զինվորականներին, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին։ «Հանդիպման վերջում ադրբեջանցի զինվորներին ցանկացել են հաջող ծառայություն»,- գրում է Haqqin.az-ը։

Լելե Թեփե բարձունքը (Վարազաթումբ), ինչպես նաև Ջոջուք Մերջանլի գյուղը հայկական կողմի վերահսկողությանն էին անցել 1994-ին։ Ադրբեջանը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացել էր գրավել բարձունքը և գյուղը։

Այս այցի կապակցությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքում գրել է․

«Այն, որ Դուգինը հայտնի տականք է, կասկած չկա, բայց որ տեղեկացված տականք է՝ դրանում էլ խոսք չկա: Նա Փոքր Մարջանլի գյուղում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական կոնֆերանսում, իմ կարծիքով, բավական սենսացիոն հայտարարություն է արել»։

Ըստ Սաֆարյանի՝ Դուգինը հայտարարել է, որ Մոսկվան, Բաքուն և Երևանը համաձայնության են եկել ճանապարհային քարտեզ մշակելու շուրջ, որի համաձայն՝ առաջին փուլում Ադրբեջանին են վերադարձվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ շրջանները։ «Դա հնարավորություն կտար հետագա գործընթացի դռները բացելու համար։ Դա կլիներ ադրբեջանական խաղաղ գործընթացի հաղթանակը։ Այնուհետ հնարավոր կլիներ անցնել հաջորդ փուլին։ Այն ժամանակ [Սերժ] Սարգսյանը պահանջել է սպասել, որ ինքը դառնա վարչապետ։ Սակայն Հայաստանում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, և այդ գործընթացը տապալվեց։ Փորձագիտական հանրության կարծիքով՝ հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտ պայման է, որը արյունալի հակամարտության կարգավորմանը մեկնարկ կհաղորդեր»,- Դուգինի խոսքը մեջբերում է Սաֆարյանը և շարունակում․

«Այս հայտարարության մեջ ամեն ինչ հին է, սակայն նորույթ է այն, որ Դուգինը տեղեկացնում է, թե ռուսական պլանի առաջին փուլը՝ հինգ շրջանների հանձնման հարցը, հետաձգվել էր Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, այսինքն՝ ապրիլից հետո: Սակայն Թավշյա հեղափոխությունը գործընթացը տապալել է: Սա բացարձակ նոր լույս է սփռում Սերժ Սարգսյանի՝ մինչև ապրիլի 23-ը գործողությունների վրա… կամ ավելի ստույգ՝ փաստում է, որ Սերժ Սարգսյանի վրա սրոկ է դրված եղել: Ընկերներիցս շատերը հավանաբար կհիշեն այդ շրջանի իմ ստատուսներից մեկը, որի բովանդակությունն էր՝ «տպավորություն ունեմ, որ մինչև հեղափոխությունը Սերժ Սարգսյանը շատ էր շտապում…»։ Ավելին չգրեցի, ու հավանաբար միայն քչերը գիտեն, թե ինչն ի նկատի ունեի: Ըստ որում, այն ժամանակ էլ, այժմ էլ մտածում եմ, որ նա շտապում էր ոչ թե հողերը տալու, այլ հեռանալու համար, քանզի նախկինում տարբեր պատրվակներ գտավ դա չանելու համար… Ու ինչեր ասես, որ թաքնված չեն թավիշի տակ…. Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ»: