Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Կարեն Ղազարյանին

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորված Կարեն Ղազարյանին:

«Համաձայն հանձնագրի ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին` դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- այս մասին ՍիվիլՆեթին ասաց Երևանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի քարտուղար Գոհար Տեր-Հակոբյանը:

Գոհար Տեր-Հակոբյանի խոսքով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վարում է կոնֆիդենցիալ երկխոսություն համապատասխան պատկան մարմինների հետ և այս պահին Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

«Մենք չենք կիսում կամ մեկնաբանում հանրային կերպով: Մենք քննարկում ենք բոլոր առնչվող հարցերը ազատազրկված անձանց, այնուհետև համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- նշեց նա:

***

Հուլիսի 15-ին բերդավանցի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Ադրբեջանում Ղազարյանին ներկայացրել են որպես հայ դիվերսանտ։