Դատախազությունը մերժել է Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը, այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- «Արմենպրես»-ին ասել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

***

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել են ոչ միայն Հայաստանի, նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 15 պատգամավորներ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Մեկնաբանել