Սաշիկը (ապաքաղաքական)

Մեր բակը Պարոնյան-Լեո խաչմերուկի դալանից ներս ընկած մի տեղ էր, ուր հասնում էր Կոնդի մի պոչը ու մեր վարդագույն տասը հարկանի շենքի ուղիղ դիմաց հնագույն Երևանի անտաշ քարից սարքած սեփական տներ էին, իրար սերտաճած։

Մեր բակը պատմություններ շատ ունի, բայց պատմությունը բակի մասին չէ, այլ վավեգրական կինոյի հետ իմ առաջին «լուրջ» առնչության։

1987-ին ես ուսանող դարձա ու ահագին հպարտ էի ուսանող լինելովս։ Հպարտությունից բացի արագ դերի մեջ մտա ու սկսեցի ուշի-ուշով հավանել այն ամենը, ինչ հայրս էր հավանում։ Օրինակ՝ Փարաջանովի «ԼեգենդՍուրամի ամրոցի մասին»-ը, որն ինձ բոլորովին չգրավեց տասնյոթ տարեկանում, բայց երբ հորս հետ դուրս եկանք «Նաիրի» կինոթատրոնի փոքր դահլիճից՝ ես դեմքի մի խելացի արտահայտությամբ արդեն ինտեգրվել էի անհասկանալի արվեստին։

Սիրով կարդում էի միայն նոր-նոր տպագրվող արգելված գրականությունը, իսկ Էրնստ Նեիզվեստնիի գործերը հիացած նայում էի, որ խելոք թվամ։

Խելոք թվալու շրջանակներում,1987 կամ1988 թ-ի սկզբներին, ամեն դեպքում շարժումը դեռ չէր սկսվել, որովհետև ես դեռ խելոք թվալու դերի մեջ էի, հայրս մեզ տարավ վավերագրական կինոյի հետ նոր առնչության։ Կինոյի տան դահլիճում Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաքը» վավերագրական ֆիլմերի պրեմիերան էր։

Դահլիճում հավաքվել էր Երևանի արվեստաբան և արվեստամերձ հասարակությունը։ Արվեստը ճախրում էր դահլիճում դեռ նախքան կինոն։ Մշակութային սնոբիզմը իրական արվեստասերի հետ միախառնված Կինոյի տան դահլիճը դարձրել էին բնականի ու սինթետիկի կատարյալ խառնուրդ ու տեղ չէին թողել կենցաղային ոչնչի համար։

«Կոնդը» առաջին կադրերից գրավեց ինձ ու դեռ դպրոցական եղբորս, որովհետև մեր տան կողմերն էին էկրանի վրա՝ «Դվին» հյուրանոցը, մեր փողոցները, ստադիոնը, որի խաղերն ու համերգները նայում էինք շտապօգնության կայանի բարձունքից։ «Կոնդը» մեզ դուր էր գալիս ու դա հնարավորություն էր տալիս ավելի ճկուն մտնել արվեստասերի ու մանավանդ վավերագրական կինոյի գիտակի անմեղ դերի մեջ։

Կարծես, հայրս էլ գոհ էր մեր՝ ուշիմ դոկումենտալիստի վիճակից ու դիտումն ընթանում էր ըստ արժանվույն։

Ամեն ինչ լավ էր լինելու, եթե մենք մանկության տարիներից Պարոնյան-Լեո խաչմերուկի մեր բակում ամեն ամառային օր տեսած չլինեինք բոլորիս սիրելի Սաշիկին։ Սաշիկը․ մեր էպոսում չկա նրա բարի կերպարը։ Սաշիկը մեր բակի էպոսում կար։

Սաշիկը քշելով բերում էր պաղպաղակի խորհրդային տեսականիով լցրած սայլակը, որին հինավուրց մշակույթի կրող երեխաներս կոչում էինք «կալամաշկա»։ Երբ բակի ծայրից երևում էր Սաշիկի «կալամաշկան», աղմուկը մի պահ դադարում էր, մի վայրկյան դադարում էր ամեն ինչ ու ով, ինչ վոկալ հնարավորություն ուներ բղավում էր՝ «Սաշիկըըըըը»։ Պաղպաղակի առևտուրից դադարում էին ֆուտբոլի, գործագործի, ռեզինի, նարդու մրցաշարերը։ Պատուհաններից կախված ծնողները քսանկոպեկանոցներ էին նետում բակ, որ լռեցնեն զավակների աղիողորմ՝ «մամ, մի հատ քսնակոպեկանոց քցի, էլի Սաշիկն էկելա» միանման կանչերը։

Ողջույնի մեր ոռնոցը Սաշիկն ընդունում էր այնպիսի հավասարակշռությամբ ու հանդարտությամբ, ինչպես հավատարիմ հանդիսատեսի ծափահարություններից հոգնած գերաստղն է ընդունում «բրավոն»։

Բայց այդ պատկերի բերկրանքը զգալու համար մարդ պարտադիր պետք է տեսած լինի Սաշիկին գոնե մեկ անգամ։

Երբ Սաշիկը հայտնվում էր բակում, սկզբում հայտնվում էր սպիտակ «կալամաշկան», որի վրա Սաշիկը կպցրել էր արվեստի իր կուռքերին ու այնպես էր ստացվել, որ սպիտակ «կալամաշկայի» վրա Կոնդի փողոցներով «գլորվում էին» Ալլա Պուգաչովան, իր փառքի գագաթնակետի օրերին, Խորեն Հովհաննիսյանը, Ձախ Հարութը ու էլի մի քանի հոգի, որոնց ես չէի ճանաչում։ Ապա հայտնվում էր Սաշիկի փորը՝ մի փոքր երկրագունդ, բարության նրա խորհրդանիշներից մեկը։ Սաշիկը միշտ սպիտակ վերնաշապիկով էր լինում՝ մաքրության տարբեր աստիճանների ու ես նրա փոր-երկրագունդը միշտ հիշում եմ սպիտակ։ Գոտին երբեք չէր երևում, որովհետև չէր կարող երևալ՝ փոր-երկրագունդը չէր թողնում։ Միայն մեջքի մասից էր հասկացվում, որ շալվարը կաշվե գոտի ունի։ Սաշիկը մեծ քիթ ուներ, որը միշտ կարմիր էր, Սաշիկը խմում էր, բայց մենք իրեն խմած չենք տեսել, նա «գործի» դուրս էր գալիս միայն խմելու հաջորդ օրը։ Բարձրահասակ էր, գլխին միշտ ամառային գլխարկ, իսկ եթե գլխարկը չէր լինեում՝ չորս անկյունները կապած քառակուսի թաշկինակն էր պահպանում նրա բարի գլուխը Երևանի բակերի անողոք արևից։ Ու քանի որ «կալամաշկան» փոքր էր ու ցածր՝ Սաշիկը հսկա մարմինը առաջ թեքած էր քշում իր հրասայլը ու ավելի անհեթեթ տեսք էր ստանում մեր էպիկական կերպարը։

Սաշիկի կարևոր հատկանիշը․բակի անդուր երեխաները միշտ կախվում էին նրա թևից, որ ձրի պաղպաղակ տա։ Սաշիկը տալիս էր։ Երբեք չէր բարկանում, քիչ էր խոսում շատ։ Եղբայրս փոքր էր ու երբ Սաշիկը նստում էր մեր բակի ժանգոտած հսկա «տրուբեքին», որ առևտուր անի՝ եղբայրս իր առած պաղպաղակն ավարտելուց հետո ձեռքերը դնում էր դնչի տակ ու ժամերով նստում Սաշիկի կողքին մինչև նա վաճառեր բոլոր պաղպաղակները։ Վերջում Սաշիկը ի նշան երախտագիտության, եղբորս առաջարկում էր մի հատ էլ պաղպաղակ իր կողմից։ Սիրելի էր Սաշիկը շատ։

Ու երբ Կինոյի տան դահլիճի էկրանին, 87 կամ 88թ-ի այդ օրը «Կոնդի» կոնտեքստում երևաց Սաշիկը իր սպիտակ «կալամաշկայով», ես ու եղբայրս տեղից վեռ թռչելով գոռացինք «Սաշիկը»՝ առաջացնելով ծնողներիս խորը հիասթափությունը դոկումենտալիստիկայի հարցում բացարձակ ոչ զգայուն լինելու պատճառով և միաժամանակ, հարուցելով դահլիճի խորը արգահատանքը մեր անարվեստ կերտվածքի համար։

Սաշիկը առաջ թեքված, Կինոյի տան դահլիճի էկրանին գլորում էր մեր հարազատ «կալամաշկան», Ալլա Պուգաչովայի, Ձախ Հարութի, Խորեն Հովհաննիսյանի լուսանկարներով։ Սաշիկի համար բացարձակ մեկ էր, որ իրական արվեստասեր հանդիսատեսն ու մշակութային սնոբները նայում են իրեն ու պիտի գնահատեին ֆիլմը։Սաշիկը Կոնդի կողմերի արքան էր։

Մեր արքան էր Սաշիկը, որ անհավանական նիհարեց իննսունականներին ու կորավ․․․

Մեկնաբանել