Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի ընտանիքին վերագրվող բիզնեսի հետքերով

Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։

ԱԱԾ-ն հայտարարել է, որ 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։

«Գոլդեն փելես» հյուրանոցի կառուցման ֆինանսական աղբյուրների ու հյուրանոցի իրական սեփականատերերի մասին հայաստանյան մամուլը պարբերաբար հրապարակումներ է ունեցել։ Հյուրանոցը բացվել է 2005-ին Հաղթանակի զբոսայգու տարածքում ու որպես բաժնետեր նշվել էր օֆշորային «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունը։ Մամուլում, սակայն, որպես հյուրանոցի սեփականատեր նշվում էր էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ազգականի՝ 13 տարի առաջ տրանսպորտի և կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանի անունը։

Հրապարակումներից հետո Հայկ Ճշմարիտյանը հրաժարական է ներկայացրել տրանսպորտի և կապի փոխնախարարի պաշտոնից։ Նա ընդունել է, որ կիպրոսյան ընկերությունում բաժնեմասեր ունի։ Ճշմարիտյանն ասել է, որ «բաժնեմասեր ձեռք է բերել այն նպատակով, որ իր մասնակցությամբ կիպրոսյան գործընկերների մոտ ամրապնդի վստահությունը»։

Ըստ «168 ժամ»-ի՝ 2005-ին առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին խորհուրդ էր տվել չհետաքրքրվել երկրում ներդրումներ կատարող անձանցով. «Տեսնում եք, օրինակ, այս հյուրանոցը լավն է, չէ՞(մատնացույց է անում «Գոլդեն Փելես» հյուրանոցը.-խմբ), բա էլ ձեզ պե՞տք է իմանալ, թե դա ումն է: Ասենք, Պողոսինն է կամ Պետրոսինը, դրանով ի՞նչ կփոխվի»,-ասել էր Ճշմարիտյանը։

«Չորրորդ իշխանություն» թերթը 2005-ի հուլիսին գրել էր, որ Հայկ Ճշմարիտյանը մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կնոջ եղբայրն է։ Թերթը վարկած էր առաջ քաշել, ըստ որի, «գլուխը թաղված է Արմեն Ավետիսյանի մոտ, ամենայն հավանականությամբ, հենց վերջինս է Հայաստանից գումարներ տարել Կիպրոս, այնտեղ ձևակերպվել է օֆշորային կազմակերպության անունով, հետո Հայաստան եկել»։

Հայկ Ճշմարիտյանը, ըստ Կիպրոսի ընկերությունների ռեգիստրի, մինչ այժմ համարվում է այս ընկերության տնօրենը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել