«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սկսելու են արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար: Այս մասին հոկտեմբերի 23-ի Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է ստորագրահավաք, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ –ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,- ասել է Զոհրաբյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ արտահերթ նիստի գումարման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն իսկ առկա են։ Արտահերթի գումարման ստորագրահավաքին չի միացել ՀՅԴ խմբակցությունը, որը վստահեցրել է, որ նիստի գումարման դեպքում քվեարկելու է կողմ։

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Մինչ այս ԱԺ-ն չէր հաստատել նաև կառավարության առաջարկը՝ այս նախագիծը արագացված կարգով քննարկելու վերաբերյալ։ ՀՀԿ-ական պատգամավորները դեմ են, որ օրենսգիրքն ընդունվի հապճեպ կարգով։ Ընտրական նոր օրենսգրքով առաջարկվում էր տարածքային ցուցակները վերացնել, ներդնել պարզ ընտրական համակարգ։

Ազգային ժողովի նիստից անմիջապես հետո կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ հին, թե նոր ընտրական օրենսգրքով, միևնույնն է՝ արտահերթ ընտրությունները լինելու են և «ժողովուրդը հաղթելու է»։

Ընտրական օրենսգիրք․ 10 փոփոխությունները

Իմ քայլը պատրաստ է ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող Ընտրական օրենքով

ԱԺ երեկվա նիստից բացակայել են պատգամավորներ ինչպես Հանրապետական խմբակցությունից, այնպես էլ «Ծառուկյան» դաշինքից և Դաշնակցությունից։ Ընդ որում, բացակա հանրապետականների թվում այն պատգամավորներն էին, որոնք ավելի վաղ միացել էին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը։

Լուսանկարը՝ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել