Հանքարդյունաբերությունը պետք է ավելի պատասխանատու լինի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում խոսեց Ալավերդու պղնձաձուլարանի մասին։

«Ոչ մեկին չի՞ անհանգստացնում, որ տասնյակ տարիներով արտանետումների ծավալները մի քանի անգամ գերազանցում են նորման»,- հայտարարեց Փաշինյանը: Նա խոսեց վիճակագրության մասին, Ալավերդիում քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ:

«Մենք ասում ենք` այդ արտադրությունը մեզ համար շատ կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել, տասնյակ հազարների թունավորելու գնով 600 մարդու խնդիր լուծել: Այդ 600 մարդու խնդիր լուծելը նաև մեր խնդիրն է: Եկեք համագործակցենք, որպեսզի էդ խնդիրները լուծվեն»,- նշեց նա:

Ավելի վաղ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել Ալավերդու պղնձաձուլարանում և պարզել, որ գործարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը։

Փաշինյանը խոսեց նաև Հայաստանում հանքարդյունաբերության մասին։ Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը սոցիալական պատասխանատվության առումով պետք է ավելի պատասխանատու լինի:

«Դա հանրային հարստություն է` հանքը շահագործողի սեփականությունը չէ, որ թույլատրված ծավալներից օրինակ 20 անգամ ավել արտահանեն, 20 անգամ ավելի շատ եկամուտներ ստանան»,- ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչու Հայաստանը չի կարող մետաղի մշակման մինչև երեք փուլ անցնել:

«Բարձր տեխնոլոգիաների կիրառումը կարող է նպաստել, որ մենք ոչ միայն ուղղակի մետաղ ձուլենք, ոչ միայն ուղղակի կաբել [մալուխ] արտադրենք, այլև այդ մետաղը օգտագործենք նաև տեխնոլոգիական արտադրանքների մեջ»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել