Կառավարությունը հաստատեց դեղերի առաքման կանոնները

Կառավարությունն այսօր որոշեց, որ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում: Մինչ այս առաքում իրականացնում էին որոշ կազմակերպություններ, սակայն առկա չէին օրենսդրական հիմքերը։

«Նախագիծը հնարավորություն կտա պատշաճ կարգով կազմակերպել առողջական ու հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտների, ինչպես նաև միայնակ ծերերի դեղապահովումը, ինչն էլ իր հերթին կնպաստի դեղերի հասանելիության և մատչելիության բարձրացմանը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նիստը վարող փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ միջգերատեսչական քննարկման ընթացքում խնդիր է բարձրացվել դեղ պատվիրող անձանց անձնական տվյալների վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատար Թորոսյանի խոսքով՝ «բոլոր մտահոգությունները լուծվել են, ու այդ ռիսկը չկա»։

Ըստ նոր փոփոխության՝ առաքման պատվերը ընդունվում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով, առաքումն իրականացվում է պատվերը գրանցելուց հետո առավելագույնը 48 ժամվա ընթացքում, առաքման ժամը համաձայնեցնելով պատվիրատուի հետ: Պատվիրատուն նախքան առաքումը պարտավորված է տեղեկացնել նաև առաքվող դեղի և ծառայության արժեքի մասին: Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործը կողմից, առաքված դեղը վերադարձման ենթակա չէ:

Մեկնաբանել