Վիգեն Սարգսյանը՝ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն

Վիգեն Սարգսյանն ընտրվել է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, տեղեկացնում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջը։

«Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով:

Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ Նա հայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է: Սարգսյանը նաև ընդգծել է, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը

Միջոցառմանը հրավիրվել են «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր»։

***

«Լույս» հիմնադրամը այս տարվա մայիսին հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը: Հիմնադրամը, սկսած 2009-ից, կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի և Սփյուռքի հայերին՝ աշխարհի 10 լավագույն համալսարաններում սովորելու համար:

«Լույսը» հիմնադրել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի հիմնադիրներից՝ գործադիր խորհրդում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։

«Լույսի» գործունեությունը փաստացի դադարեցվեց Թավշյա հեղափոխությունից հետո։ Ապրիլի 21-ին հիմնադրամի 160 կրթաթոշակառու Սերժ Սարգսյանին նամակ էր հղել՝ կոչ անելով կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Դրան հետևել էր Սարգսյանի արձագանքը։ Դրան ի պատասխան՝ «Լույսի» նոր՝ ավելի քան 100 կրթաթոշակառու ևս միացան Սերժ Սարգսյանին ուղղված կոչին։

Դիտեք ՍիվիլՆեթի տեսանյութը՝ «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցման մասին

«Լույս» հիմնադրամ․ կուսակցական-անձնական շահերը՝ առաքելությունից վեր

Մեկնաբանել