Վրաստանում նախագահ են ընտրում․ Իվանիշվիլին անձամբ է դիմում քաղաքացիներին

Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Վրաստանի քաղաքացիներն ընտրություն են կատարում հոկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ անցած թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև։

Այս ընտրությունները համընդհանուր քվեարկությամբ վերջինը կլինեն, քանի որ Վրաստանի փոփոխված սահմանադրությամբ՝ հաջորդ նախագահն ընտրվելու է հինգ տարով՝ 300 հոգանոց կոլեգիայի կողմից, որը բաղկացած է լինելու խորհրդարանի 150 պատգամավորից և շրջանների ու տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցչից։

Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։

Գրիգոլ Վաշաձեին Նիդեռլանդներից հեռակա աջակցություն է ցուցաբերում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը տեղեկացնում է, որ ընտրությունների երկրորդ փուլում Վրաստանի քաղաքացիներն ավելի ակտիվ են։

«Ալիք Մեդիան» նշում է նաև, որ քաղաքացիները զանգեր, կարճ հաղորդագրություններ են ստանում՝ ընտրությանը մասնակցելու` Բիձինա Իվանիշվիլիի կոչով։ Նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլի ներկայացող ավտոմատ ձայնային հաղորդագրություն ստացել են Վրաստանի տարբեր բջջային օպերատորների բաժանորդները:

«Ես Բիձինա Իվանիշվիլին եմ: Այսօր սկզբունքային ընտրության օր է: Մի՛ մնա տանը, արի՛ ընտրության, կատարի՛ր սկզբունքային ընտրություն, ընտրի՛ր Սալոմե Զուրաբիշվիլիին»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդացե՛ք նաև

Վրաստանում նախագահ են ընտրելու․ ովքե՞ր են պայքարում, ի՞նչ են խոսում հայերի ու Հայաստանի մասին

Վրաստանը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ

Վրաստան․ թեժ պայքար Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի թեկնածուների միջև

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել