Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է պետությանը տալ 30 միլիոն դոլար

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե․ այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Փաշինյանն ասել է․

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա: