Լավրովի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքը հրապարակել է Սերգեյ Լավրովի՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը։ Թերթի սղագրության մեջ, մասնավորապես, Լավրովի հայտարարությունը մեջբերվել է այնպես, որ պարզ չէ՝ խոսքը բիոլաբորատորիաների մասին է։ Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Լավրովին ուղղված հարցն ու դրա պատասխանը՝ թարգմանաբար։

Հարց․ Ամերիկան հաճախ պատասխանում է պատժամիջոցներով։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում։ Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեք։ Մեր ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է։ Ինչո՞ւ ենք թույլ տվել 2016-ին այնտեղ կառուցել երեք ամերիկյան բիոլաբորատորիա։ Չէ՞ որ մենք լավագույն բարեկամներ ենք Եվրասիական տնտեսական միությունում։

Լավրով․ Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի նախապատրաստության գործընթացը, որը բացառելու է օտարերկրյա զինվորականների ներկայությունը այդ բիոլաբորատորիաներում և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ լինի։

Սերգեյ Լավրովի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում:

Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- հայտարարել է Նաղդալյանը։

Մեկնաբանել