Ազգային օրակարգ․ ստեղծվում է նոր կուսակցություն

Երևանում այսօր հայտարարվեց նոր՝ «Ազգային օրակարգ» անունով կուսակցություն ստեղծելու մեկնարկի մասին։

Կուսակցության համահինադիրներն են Ավետիք Չալաբյանը, Արա Հակոբյանը և Իգոր Զարգարյանը, որոնք հրավիրված ասուլիսին ներկայացրին իրենց կուսակցության գաղափարախոսությունը և մոտեցումները։

Ավետիք Չալաբյանը McKinsey ընկերության արդյունաբերության գծով տնօրենն է Ռուսաստանում։ Նա Հայաստանում մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, Արար և Վերադարձ Հայաստան հիմնադրամների համահիմնադիր է։ Արա Հակոբյանը նախկին դիվանագետ է, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից։ Իգոր Զարգարյանը գործարար է Մոսկվայից, եղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական հարցերով խորհրդականը։

Ազգային օրակարգ կուսակցությունը, ըստ համահիմնադիրների, լինելու է աջ կենտրոնամետ ուժ և հավակնելու է ձևավորել արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռ։

Կուսակցությունը առաջիկայում հրավիրելու է հիմնադիր համագումար։ Ըստ Ավետիք Չալաբյանի՝ նոր կուսակցությանը անդամագրվել ցանկացողները շատ են։

Նա նշեց, որ իրենք առանձնահատուկ կարևորություն են տալիս Հայաստանի անվտանգային խնդիրներին և այդ ասպարեզում արդեն բավականաչափ փորձ ունեն՝ ի դեմս Արար հիմնադրամի կատարած աշխատանքների։

Արա Հակոբյանը ասաց, որ պատրաստվում են խորհրդարանական հաջորդ ընտրություններին և կարևորում են Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը:

Հակոբյանը անդրադարձավ նաև Արցախի հարցի լուծման իրենց տեսլականին։ Նա նշեց, որ իրենք հանդես են գալիս Արցախը Հայաստանին միացնելու դիրքերից, և պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորում։

Քննադատելով Մադրիդյան սկզբունքները՝ Հակոբյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների շարունակումը։