Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի հնարավոր ներումը՝ թեժ քննարկումների կիզակետում

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին, հնարավոր է՝ ներում շնորհվի․ այս լուրը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Ոմանք ողջունում են, ոմանք էլ՝ քննադատում և նախաձեռնում ստորագրահավաքներ, ծրագրում բողոքի ակցիաներ։

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996թ․ նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ՝ վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

2018-ի դեկտեմբերի 28-ին Իոսիֆ Աղաջանովի ծնողները՝ Միխայիլ Աղաջանովն ու Նելլի Ահարոնովան, Ֆեյսբուք սոցիալական ցանցում բաց նամակ էին գրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նրանք առաջինը բարձրաձայնեցին և մտահոգություն հայտնեցին Մհեր Ենոքյանին ներմամբ ազատ արձակելու հնարավորության վերաբերյալ։

«Մենք այն համոզմունքի կրողն եմ, որ ոչ ոք չի կարող այլ կարծիք ունենալ, քան, որ մեր տղային ու մեզ սպանած մարդասպանին չի կարելի ոչ մի դեպքում ներում շնորհել… »,- գրել են Իոսիֆի ծնողները։

Ենոքյանի հնարավոր ներման լուրը բուռն արձագանք ստացավ օգտատերերի շրջանում հունվարի 9-ին, երբ Slaq.am-ը հրապարակեց մի նյութ՝ հետևյալ վերնագրով. «Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը», այնուհետև ներման հանձնաժողովի փակ նիստից տեղեկություն տրամադրեց 168.am-ը՝ գրելով. «Ներման հանձնաժողովը՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին»։

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ՍիվիլՆեթին փոխանցեց, որ ներման հանձնաժողովի որոշումները փակ են ու հրապարակման ենթակա չեն։ Նա պնդեց՝ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա ու չի կարող լինել. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։

Չնայած հանգամանքին, որ փաստացի որևէ տեղեկատվություն հստատված չէ, թեման շարունակում է թեժ քննարկվել սոցցանցերում։

Քննարկումներին միացավ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով.

«Առայժմ անդրադառնամ միայն ընթացակարգային կողմին։ Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Ներման խնդրագիրը պետք է բովանդակի, ի թիվս այլոց, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ։ Հարց. Մհեր Ենոքյանը ընդունե՞լ է իր մեղքը։ Զղջացե՞լ է իր արարքի համար։ Եթե՝ ոչ, ապա սա ներո՞ւմ է, թե արդարադատության գործառույթի փաստացի իրականացում արտադատական մարմնի կողմից։ Եթե՝ այո, ապա տասը տարի անընդհատ նա պնդում էր, որ դատական սխալի զոհ է, ինքը մեղավոր չէ, և այլն։ Փոխե՞ց վերաբերմունքը։

Ու մի հանգամանք էլ։ Ըստ վկայակոչածս օրենքի՝ ինչ ասես ենթակա է հաշվի առնելու, բացի տուժողների վերաբերմունքից։ Սա որքանո՞վ է իրավաչափ»։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը համացանցում հրապարակեց սպանությունից հետո իրավապահների կողմից արված տեսագրությունը և Մհեր Ենոքյանի ինքնախոստովանությունը ոստիկանության բաժնում։

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի մասնակցությամբ, ստորագրահավաք են նախաձեռնել։ Նրանք պահանջում են մերժել Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը։ Գործողությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ «Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է»։ Մեկ այլ ՝ առցանց ստորագրահավաք էլ շրջանառվում է Ֆեյսբուքում։ Այս ամենին զուգահեռ հունվարի 14-ին նախատեսվում է բողոքի ցույց կառավարության դիմաց։

Բանտից գրած իր վերջին՝ 2018-ի դեկտեմբերի 30-ի հոդվածում ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը նշել է. «Աղաջանով ընտանիքը արդար դատաքննություն և ճշմարտության բացահայտում պահանջելու փոխարեն 22 տարի շարունակ կասկածելի մեթոդներով կարողացել է ազդել իշխանությունների վրա: Սա նրանց հաջողվել է մինչև հեղափոխությունը»։

Ենոքյանը նշում է, որ սպանությունն ինքը չի կատարել.

«Հենց դատավճռով, որը Աղաջանովները սիրում են ցիտել, Արամ Հարությունյանն իր բնակարանում դանակով բաց թափանցող վնասվածք է հասցրել իրենց որդու կոկորդին: Ցուցմունքներում նույն Արամն ասել է, թե այնքան կատաղած է եղել, չի հիշում մինչ այդ քանի անգամ է խփել նրան: Սակայն Աղաջանովները Արամին ո՛չ դատարանում, ո՛չ էլ հետո չեն հետապնդել, ավելին՝ հարցազրույցներից մեկում ասում են, որ նորմալ տպավորություն է իրենց վրա թողել Արամը: Հիմա հարց՝ ինչո՞ւ է տուժող կողմ համարվող ծնողը իր որդու կոկորդը կտրող, իրենց որդուն սպանող Արամին այդպես խնայում: Փոխարենը՝ ինձ, ով չի ընդունում անհեթեթ մեղադրանքը, հետապնդում է ստի միջոցով»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել