Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները

Հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։

«Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

«Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները»:

Հայաստանի արտգործնախարարության տարածած մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ Զոհրաբ Մնացականյանը առանձին հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ«։

Աղբյուրը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն

Մեկնաբանել