Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի արդյունքներով հայտարարություն է տարածել։
«Արձանագրելով, որ
– Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը.
– Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները.
– Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում.
– Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը.
– Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում.
– Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը.
– Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը.
Հայտարարում է՝
– Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։
– Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.
– Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը.
– Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին.
– Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը.
– Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.
– Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ.
– Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։
Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման»:
Աղբյոււր՝ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
Կարդացեք նաև՝
Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյում